Նպատակը խաղամոլության ռիսկից պաշտպանելն է․ ֆինանսների փոխնախարարը՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:
Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածը լրացվում է նոր` 15-րդ մասով, ըստ որի արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ` իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:
«Կշեռքն այսօր ավելի շատ խաղամոլության ռիսկից պաշտպանելն է` գովազդը սահմանափակելով»,- պարզաբանել է ֆինանսների փոխնախարարը:
Նախագծի նպատակը խաղամոլության դեմ պայքարելն է, քանի որ խաղամոլությունը վերջին շրջանում չափազանց մեծ ծավալների է հասել: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ, գովազդից բացի, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ներկայում շատ բուռն քննարկում են նաև այլ մեխանիզմներ` դաշտը կանոնակարգելու նպատակով:
«Համոզված եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք ընդհանուր ասելիքով և անելիքով հանդես կգանք: Կլինեն քայլեր ոչ միայն կանխարգելման, այլև խաղամոլությունը կրճատելու, հնարավորինս դժվարացնելու, հասանելիությունը նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է նա:
Քվեարկությունից առաջ նշվել է, որ օրենքի սահմանափակող դրույթները տարածվելու են նաև վիճակախաղերի վրա:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1lurer.am