Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար, սակայն ռուսական կողմն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել բազա, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը պահանջում է Անկարայից փակել նեղուցները ռուսական նավերի համար։

«Մենք պաշտոնական հարցում ենք ստացել Ուկրաինայից։ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները չափազանց հստակ և ճշգրիտ են: Մինչ օրս Թուրքիան առանց վարանելու իրականացնում էր Մոնտրոյի կոնվենցիան։ Պատերազմում, որում Թուրքիան կողմերից չէ, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը նեղուցներով։ Սակայն Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա պետք է թույլատրվի նրանց»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։

Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն