Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում:
Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Իրանի առևտրի պալատի նախագահ Գոլման Հուսեյն Շաֆեիի միջև: Կողմերը կարևորել են երկու երկրների գործարարների միջև ձևավորված գործակցությունը և ընդգծել զարգացման հսկայական ներուժի առկայությունը:
Համաժողովի ընթացքում գործարարներին մասնավորապես հետաքրքրել է Հայաստանի հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության ոլորտներում նոր փոփոխությունները: ՊԵԿ պատվիրակության կողմից մատնանշվել են վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, որոնք էական ազդեցություն են ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում:
Էդվարդ Հովհաննիսյանը հորդորել է գործարարներին հարկային և մաքսային վարչարարության կիրառման հետ կապված ցանկացած հարցով դիմել ՊԵԿ համապատասխան մասնագետներին: Կոմիտեի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել կազմակերպել պարբերական խորհրդակցություններ գործարար ոլորտի ներկայացուցիչների ընթացիկ խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման նպատակով: