Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական: Այս մասին ԱԺ-ում  հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում փետրվարի 24-ին Վիեննայում կայացած երկրորդ հանդիպմանը։

«Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։

Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցության վերաբերյալ առայժմ որոշում չկա:

«Աշխարհում շատ սրընթաց կերպով են իրադարձություննները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձություններն այժմ բավականին երկար են։ Երբ ժակետները մոտենան, անպայման որոշում կկայացնենք»,-ասաց նա։

Միրզոյանը հայտնեց՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին որոշում ևս չի կայացվել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն