Գնաճային երևույթներն այնպիսին են, որ հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք. Մհեր Գրիգորյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կա գնաճ, դրան գումարած՝ ապրիլի 1-ից բարձրանալու է գազի գինը: Պատգամավորը հարցրեց, թե ինչ միջոցառումներ, աջակցության ծրագրեր են նախատեսվում այս ուղղությամբ:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցին ի պատասխան՝ նշեց.
«Այո՛, մի իրավիճակ է ստեղծված, գնաճային երևույթներն այնպիսին են, որ հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Այդ հարցն օրակարգային է, քննարկվում է, ըստ իրավիճակի միջոցառումներ կիրականացվեն»:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա Գրիգորյանն ընդգծեց, որ ապրիլի 1-ից գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով:
«Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման պարագայում գինը կամ սպառողի վճարելիք գումարը չի փոխվելու: Սա կարևոր նյուանս է, պետք է հաշվի առնել:
Մեր սահմանին 165 դոլարի պարագայում այսօր Եվրոպայում գինը 1400 դոլար է: Այդ իմաստով կարծում եմ, որ բալանսավորված կլինեն ճնշումները, բայց, բնականաբար, դա չի նշանակում, որ այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք՝ որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ աջակցություն իրականացնել, և կիրականացնենք»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ բյուջեի պահուստային ֆոնդը բավարար է, որ նման միջոցառումներ ֆինանսավորվեն:
1lurer.am