ՀՀ ԱԳՆ պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հղում կատարելով միջազգային դատարանի որոշումներին
Հայատյացությունն առնվազն վերջին տասնամյակներում Ադրբեջանում պրոգրեսիվ աճել է. Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության և Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած համաժողովին հայտարարեց Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչը: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ատելության քարոզի հետևանքը պատերազմական հանցագործություններն են, մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ) - Այս հարցը պետք է հայտնվի անընդհատ ուշադրության կենտրոնում թե՛ միջազգային հանրության կողմից և թե՛ տարբեր պետություններում, հանրություններում, և դա կունենա հնարավոր կանխարգելիչ էֆեկտ:
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի հայցը՝ հիմնված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա: Եվ չնայած հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշմանը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է պաշտպանի գերիների անվտանգությունը, կանխի ռասայական հիմքով խտրականության հրահրումն ու մշակութային ժառանգության պղծումը, այդ երկիրը շարունակում է հայատյաց պետական քաղաքականությունն ու Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման քայլերը: Այդ նպատակով ստեղծել են նաև աշխատանքային խումբ:
Եղիշե Կիրակոսյան - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պարզաբանումներ պահանջելով ու նաև հղումներ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վրա, և պարզաբանումներ է պահանջել այդ գործընթացի վրա: Մենք սպասում ենք իրենց արձագանքին, արձագանքը ստանալուն պես կտեսնենք՝ ինչ քայլեր կձեռնարկենք:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշեց՝ 2020-ին Արցախի դեմ պատերազմն ուղեկցվել է ատելության ու թշնամանքի հսկայածավալ քարոզով, որը նաև պատերազմից հետո է ստացել ծայրահեղ դրսևորում: Հայատյացության խորքային պատճառներն, ըստ նրա, վերլուծված և հիմնավորված են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների 2020-ի համատեղ զեկույցում:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Բաց եմ լինելու համագործակցության համար, նշված խախտումների արձանագրումները փաստահավաք առաքելությունների զեկույցները միջազգային իրավունքի պաշտպանության մանդատ ունեցող մարմիններին հասցնելու և հետամուտ լինելու համար, որովհետև, կարծում եմ, բոլորիս խնդիրն է ատելությունը կանգնեցնելը, որը հանգեցնում է պատերազմի, ինչի վկայությունը ցավալիորեն ունեցել ենք, այս օրերին էլ ունենում ենք:
Հայատյացությունը Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում թեմայով համաժողովին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց ռազմագերիներին առնչվող խնդիրները: Բաքուն հաստատում է 38 անձի գերության փաստը: Հումանիտար հարցն Ադրբեջանը օգտագործում է քաղաքական նպատակներով:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Կա գերեվարման 80 դեպք՝ ըստ մեր փաստահավաքության, որը Ադրբեջանի կողմից չի ընդունվում: Նրանք ունեն բռնի անհետացածի կարգավիճակ, գտնվում են իրավական պաշտպանությունից դուրս:
Միջազգային ջանքերն, ըստ Սահակյանի, պետք է ուղղվեն նաև այս դեպքերի համալիր հետաքննությանը, Ադրբեջանը պետք է ներկայացնի ճշմարտությունը՝ հետևողական լինելով նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում:
ՀՀ ԱԳՆ պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հղում կատարելով միջազգային դատարանի որոշումներին:
1lurer.am