«Ի՞նչը կրճատենք, որ գլուխ հանենք»․ հայ տեքստիլագործները խնդիրներ ունեն
2022-ի հունվարի 1-ից Հայաստանի համար դադարել է գործել ԵՄ արտոնյալ առևտրի GSP+ համակարգը: Այն թույլ էր տալիս հայկական 6000-ից ավելի ապրանք ԵՄ արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Փոխարենն այժմ գործում է 10-12 տոկոսանոց հարկ։ Սա մտահոգել մի շարք ոլորտների, մասնավորապես՝ տեքստիլ արտադրողներին, որոնց արտահանումն անցյալ տարի աճել էր շուրջ 23 %-ով։ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, որ երկրի խոշորագույն արդյունաբերողներից է, նույնպես կանգնել է արտոնյալ առևտրի դադարեցման դժվարությունները հաղթահարելու խնդրի առաջ:
Հայաստանի տեքստիլ արտադրողները անորոշության մեջ են. հունվարի 1-ից ԵՄ արտոնյալ առևտրի GSP+ համակարգը Հայաստանի համար դադարել է գործել: 2009թ.-ից ԵՄ «GSP+» արտոնյալ առևտրի ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական շուրջ 6.200 անուն ապրանք եվրոպական շուկա հասցնել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Արտոնյալ ռեժիմը հանվեց, երբ Համաշխարհային բանկը 2017-20 թթ. դիտարկումներով Հայաստանը դասեց 1 շնչի հաշվով անընդմեջ բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Հանրապետության խոշոր տեքստիլ արտադրողներից Վանաձորի «Գլորիան» հայտնվել է բարդ իրավիճակում։ Ընկերության սեփականատեր Բագրատ Դարբինյանի խոսքով՝ սա շոկային անակնկալ էր.
«Շատ անակնկալ էս երևույթը տեղի ունեցավ, եթե գոնե իմանայինք 1 տարի առաջ, որոշակի միջոցառումներ կձեռնարկեինք: Իմացել ենք հոկտեմբեր-նոյեմբերին, ընդ որում՝ պարտնյորներից մեկն ասաց։ Քանի որ լուրեր չկային, նույնիսկ չհավատացի, մյուսներին էլ ասեցի, ոչ մեկը չգիտեր: Նոյեմբեր-դեկտեմբերին արդեն պարզ դարձավ, որ 12% պետք է հարկ մուծվի: Եվրոպացի գործընկերները սկսեցին աղմկել, թե ոնց կլինի՝ մեր ապրանքը թանկանում է մաքսային վճարների պատճառով, իջեցրե՛ք գները: Կոնֆլիկտի մեջ ենք: Ո՛չ իրենք կարող են հրաժարվել, ո՛չ մենք: Դեռ պատային իրավիճակ է»:
Անգամ եթե առևտրային գործընկերների հետ փոխզիջումների գնան, Բագրատ Դարբինյանը տարվա կտրվածքով 5-6%-ի կորուստ է կանխատեսում, ինչը շղթայաբար կազդի արտադրության վրա: Ելքեր է փնտրում. օրինակ՝ գների հնարավոր իջեցում՝ արտադրողականության բարձրացման հաշվին: Նաև կառավարությունից են աջակցություն ակնկալում, որ ԵՄ երկրներ փոխայցեր լինեն, գործարար հատվածը նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանա, նորովի աշխատեն։ Մինչ այդ՝ ստիպված են առժամանակ մի կողմ թողնել նոր ներդրումային ծրագրերը։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ GSP+ համակարգից դուրս մնալը կազդի երկրի հանքարդյունաբերության, ալյումինի փայլաթիթեղի ու տեքստիլի արտադրության վրա.
«Խնդիրը վերաբերում է ոչ այնքան բիզնեսին, որքան քաղաքականություն իրականացնողներին: Այդ ամենը նկատի ունենալով՝ պետք էր նախապատրաստվել, պետք էր դիվերսիֆիկացնել, այլ ուղղություններ ևս մշակվեին, լոգիստիկ վաճառահանման նոր շուկաների վրա աշխատեին: Սկզբունքորեն նույն շուկայում մնալը հնարավոր է, եթե եվրոպական գործընկերները կիսեն այս անցումային ժամանակահատվածի ռիսկերն ու ծախսերը: Եթե 10-12 %-ի մաքսատուրքեր են արդեն գանձվելու, կամ մինչև 7% փայլաթիթեղի, մի քիչ պակաս ֆերոմոլիբդենի գծով, եվրոպական պարտնյորները պետք է որոշակիորեն կիսեն այդ ծախսերը: Չեմ բացառում նաև այդ մաքսատուրքերի արտոնյալ որոշակի սուբսիդավորումներն ինչ -որ ժամկետերով՝ պայմանով, որ արտադրողները ռացիոնալացնեն իրենց ծախսերը, բարձրացնեն արտադրողականությունը, ներգրավեն տեխնոլոգիաների նոր, ավելի արդիական համակարգեր»:
«Գլորիա»-ի հիմնական պատվերները Եվրոպայից են։ Ծրագրում էին ընդլայնվել, աշխատատեղերը հասցնել 3000-ի: Այժմ տարակուսած են, բանակցում են պատվիրատուների հետ: Ոչ բոլորն են ընդառաջ գնում: 12% մաքսատուրքի բեռն աստղաբաշխական է՝ ասում է Բագրատ Դարբինյանը.
«Դե նրանք էլ են բողոքում, որ հունվարից միանգամից 12%-ով թանկանում է ապրանքը: Եթե մի վերարկուն, օրինակ, արժե 150 եվրո, 12 %՝ 20 եվրո ավելանում է: Իրենք էլ բավական անհանգստացած են: Օրինակ, հանրահայտ իտալական «Մոնկլեր»-ի տերն ասում է՝տարեկան 700.000 եվրո ձեր փոխարեն պետք է մուծեմ, հետո էլ մինչև 1 մլն եվրո: Եթե վերցնենք, որ 20 մլն. եվրոյի արտահանում ենք անում, 6%-ը մեր շրջանառության՝ 1-1,2 մլն եվրո է, մեծ գումար է, դա ինձ համար աստղաբաշխական թիվ է»:
Օրերս Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը Լոռու մի շարք տեքստիլ ընկերություններում էր: «Գլորիա»-ում է եղել։ Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել է նաև GSP+ համակարգի դադարեցման ազդեցությունը, արձանագրվել գործարարների դիտարկումները, որ այս պահին այն էական հետևանքներ չի ունեցել։ Այլ պարզաբանում նախարարությունից «Ռադիոլուր»-ին չտվեցին: Կառավարությունը խոստացել է աջակցել 3 տարվա արտոնյալ վարկի տեսքով: «Կառավարության առաջարկից հավանաբար կօգտվենք»,- ասում է վանաձորցի գործարարը:
«Առանց տոկոսի վարկ են առաջարկում, բայց այդ վարկն էլ պիտի ետ տաս: Շատ վարկ ունենք, նորից վարկային բեռ վերցնե՞լ, բայց մի քիչ կօգտվեմ երևի դրանից, մի քիչ էլ մեր աշխատողները պետք է արտադրողականությունն ավելացնեն, որ գների նվազման հետ կոմպենսացվի: Կրճատում ասվածը չի կարող լինի, մենք էնքան պատվեր ունենք: Դա քննարկման թեմա չի, որ մարդ կրճատենք, աշխատավարձ իջեցնելն էլ՝ եսիմինչքան էլ չենք տալիս, մարդիկ առանց այդ էլ զոռով յոլա են գնում: Երևի մի քիչ մեր ներդրումները պետք է փոքրացնենք, որովհետև պլաններ ունեինք վերանորոգել կողքի արտադրամասը: Դեռ դեռ չեմ կողմնորոշվել, քանի որ շոկային վիճակ ա:»:
Հայ տեքստիլագործների հիմնական մրցակիցները միջինասիական արտադրողներն են: Մինչ օրս պատվերի խնդիր չունեն: «Գլորիա»-ի համբավը վաղուց է դուրս եկել ՀՀ սահմաններից: Փորձում են դանիական ու շվեյցարական շուկա մտնել։ Ընկերության տնօրենին, սակայն, այժմ մտահոգում է, որ եվրոպացի գործընկերները կարող են պակասել։ «Եվրոպացիք,- ասում է,-հետաքրքիր բնավորություն ունեն՝ քո հետ բանակցում են, բայց միշտ ձգտում էժանը գտնել»: Օրինակ բերում Ուզբեկստանին, որ այս տարվանից GSP+ համակարգի մեջ է ու կարող է 10-12%-ով էժան ապրանք առաջարկել:
Մինչ արտահանման արտոնյալ պայմաններից զրկված հայ գործարարներն իրավիճակից ելքեր են փնտրում, մեկ այլ մրցակցության խնդիր էլ է նախանշվում։ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացումը կարող է պակաս մրցունակ դարձնել հայկական տեքստիլը։ Կանխատեսվող խնդիրների կողքին անցյալ տարվա դրական ցուցանիշն է՝ 2021 թ.-ին տրիկոտաժի ու տեքստիլի արտահանումն աճել է 22.8%-ով`կազմելով ընդհանուր արտահանման 5.9 %-ը։ Սա ոչ միայն արտադրանքի ավելացման, այլ թուրքականի ներկրման արգելքի արդյունքն էր։ Հիմա ոլորտում մտահոգ են ու ելքեր են փնտրում։
hy.armradio.am