Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան հայտնվել է նացիստական գաղափարախոսության ազդեցության տակ... Մենք ցանկանում ենք ազատել նրան այս գաղափարախոսությունից: Բացի այդ, ավելացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը Ուկրաինայում, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք մեր առջև նպատակ չենք դրել ուկրաինական տարածքը մասերի բաժանել, բայց մենք ձգտում ենք երաշխիքներ ապահովել մեր իսկ անվտանգության համար»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ Մոսկվան ձգտում է ապահովել, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն