ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն ասել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC-ին ասել է, որ համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում: Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ Բլինկենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի «արտասովոր տոկունությունը»:
Հարցին, թե արդյոք ինքը համոզված է, որ ուկրաինացիները կարող են հաղթել, նա պատասխանել է. «Ժամանակի ընթացքում, միանգամայն»:
«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա», - ասել է նա:
Բլինկենի խոսքով՝ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ասել է, որ միջազգային հանրությունը հանձնառու է ամեն ինչ անելու՝ օգնելու Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Tert.am