Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելու իր կոչը ՆԱՏՕ-ի մերժելուց հետո բոլոր նրանք, որոնք այսուհետ կմահանան Ուկրաինայում, կմահանան նաև ՆԱՏՕ-ի թուլության պատճառով։

«Այսօր տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, թույլ գագաթնաժողով, շփոթված գագաթնաժողով, գագաթնաժողով, որը ցույց տվեց, որ  ոչ բոլորն են կարծում, որ ազատության համար պայքարը պետք է Եվրոպայի համար մեկ նպատակը լինի: ՆԱՏՕ-ի բոլոր հետախուզական գրասենյակները քաջատեղյակ են թշնամու ծրագրերին, նրանք նաև ընդունել են, որ  Ռուսաստանը ցանկանում է շարունակել հարձակվողական գործողությունները՝ որքան կարող է: 9 օր մենք տեսել ենք դաժան պատերազմ, նրանք ոչնչացնում են մեր քաղաքները, կրակում են մեր քաղաքացիների, երեխաների վրա, դպրոցների, եկեղեցիների վրա, ոչնչացնում են  ամեն ինչ, ինչն ապահովում է նորմալ կյանքը: Եվ նրանք ցանկանում են դա շարունակել: Իմանալով, որ հարվածներն ու զոհերն անխուսափելի են` ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշել է չփակել Ուկրաինայի երկինքը: Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի պետություններն իրենք են ստեղծել այն նարատիվը, որ Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանի ուղղակի ագրեսիան ՆԱՏՕ-ի դեմ»,-ասել է Զելենսկին:

Նա հավելել է՝ սա ինքնահիպնոս է, որ նրանք թույլ են, անվստահ ներքուստ:   Զելենսկին հավելել է՝ չնայած նրանք կարող են ունենալ զենքեր՝ շատ անգամներ ավելի հզոր, քան իրենցն է: «Դուք պետք է մտածեք մարդկանց մասին, մարդկության մասին, և դուք ի՞նչ էիք մտածում այդ գագաթնաժողովում: Բոլոր մարդիկ, որոնք կմահանան այսօրվանից սկսած, կմահանան նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով, ձեր անմիաբանության պատճառով: Այն ամենը, ինչ դաշինքը արել է մինչ այժմ, Ուկրաինա 50 տոննա դիզվառելիք տեղափոխելն է` իր գնումների համակարգի միջոցով` hավանաբար, որպեսզի կարողանանք վառել Բուդապեշտի հուշագիրը, որպեսզի այն ավելի լավ այրվի: Բայց այն արդեն այրված  է մեզ համար` ռուսական զորքերի կրակների մեջ: Սա ա՞յն ՆԱՏՕ-ն է, որը մենք ուզում էինք,այսպիսի՞ դաշինք էիք դուք ստեղծում»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն կանաչ լույս է վառել` ուկրաինական քաղաքների հետագա ռմբակոծության համար՝ մերժելով ստեղծել ոչ թռիչքային գոտի:

«Դուք կարող էիք փակել մեր երկինքը, բայց …Ես չգիտեմ, թե դուք ում կարող եք պաշտպանել և թե արդյոք կարո՞ղ եք պաշտպանել ՆԱՏՕ-ի պետություններին: Դուք չեք կարողանա գնել մեզ վառելիքի լիտրերով՝ մեր արյան լիտրերի գնով»,-ասել է Զելենսկին:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի բարեկամներին՝ նշելով, որ  այնտեղ շատ բարեկամ երկրներ ունեն, գործընկերներ, և, որ նրանք  օգնում են իրենց՝ անկախ ամեն ինչից,  առաջին իսկ օրից, և ինքը վստահ է՝ մինչև հաղթանակ: «Եվ ահա թե ինչու մենք մեզ միայնակ չենք զգում, մենք շարունակում ենք պայքարել, մենք կպաշտպանենք մեր երկիրը, մեր հողը»,-եզրափակել է Ուկրաինայի նախագահը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն