ՌԴ-Ն ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչներն անվտանգ լքեն այդ տարածքները՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչությունը նշել է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին։ Ընդհանուր առմամբ, խոցվել է ավելի քան 2000 ռազմական օբյեկտ։ Դոնեցկի ուժերը շարունակում են Մարիուպոլի շրջափակումը։ ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ էլ՝ ռուսական ուժերի հիմնական ստորաբաժանումները կենտրոնացված են Կիևի և Խարկովի ուղղությամբ։

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն Ուկրաինայում հումանիտար միջանցքներ բացելու մասին Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունն անվանել են կարևոր քայլ։ Սպիտակ տունը նույնպես ողջունել է նախաձեռնությունը, նշելով՝ այն ցույց է տալիս Ռուսաստանի լուրջ տրամադրվածությունը խնդիրները լուծելու հարցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից հայտնել են, որ կազմակերպությունը անձնակազմ կուղարկվի Մոսկվա՝ ապահովելու Ուկրաինայում հումանիտար գործընթացների համակարգումը։

Պենտագոնից էլ փոխանցում են, որ հաղորդակցության նոր ուղու միջոցով կապ է հաստատվել ՌԴ ՊՆ-ի հետ՝ Ուկրաինայում միջադեպերը և լարվածության աճը կանխելու համար։

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՑ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՊՈՒՏԻՆ

Ռուսաստանը բաց է երկխոսության համար ինչպես Կիևի, այնպես էլ բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են խաղաղություն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։ Նա ընդգծել է՝ ռուսական կողմի բոլոր պահանջները պետք է կատարվեն, այն է՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, միջուկային զենքի բացառում, ապառազմականացում, ապազգայնականացում, Ղրիմի ճանաչումը՝ որպես Ռուսաստանի մաս, Լուգանսկի և Դոնեցկի ինքնիշխանություն:

Շոլցը, իր հերթին, կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը և ապահովել մարդասիրական միջանցքների հասանելիությունը։

Կողմերը հույս են հայտնել, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլում, որը կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները ողջամիտ և կառուցողական դիրքորոշում կորդեգրեն։

ՌԴ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Ռուսաստանի ռազմական գործողության նպատակը Ուկրաինան մասնատելը չէ, Մոսկվան ձգտում է ապահովել սեփական անվտանգության երաշխիքները՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում՝ զինաթափելու Կիևին, որն իր գործողություններով սպառնում է Լուգանսկի և Դոնեցկի անվտանգությանը։

Պեսկովն անդրադարձել է Եվրոպայում ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը նախօրեին անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ։ «Ատոմակայանի բլոկները չեն վնասվել, կայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Անվտանգային սպառնալիքներ չկան»,- շեշտել է նա։

Ռուս-ուկրաինական բանակցությունների մասին խոսնակն ընդգծել է՝ ռուսական կողմը հուսով է, որ Կիևը կլսի Մոսկվայի դիրքորոշումը, ինչն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու պայմաններից մեկն է։ Նա հավելել է՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ի երկրների հետ առկա հակասությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։

ՆԱՏՕ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋԱՄՏԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, ոչ ոք չի ցանկանում, որ հակամարտությունը վերածվի անվերջանալի էսկալացիայի, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ նշել է, որ Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերը կհանգեցնեն Ռուսաստանի հետ պատերազմի: «ԱՄՆ-ը նման մտադրություն չունի»,- շեշտել է նա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, հիասթափություն է հայտնել Ուկրաինայի օդային տարածքը չփակելու՝ ՆԱՏՕ-ի որոշման առնչությամբ։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը թույլ էր։ Այն ցույց տվեց, որ Եվրոպայի ազատության համար պայքարը ոչ բոլորն են դիտարկում որպես առաջնահերթություն»,- նշել է նա։

ԱՄՆ-Ը ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ. ՍԱԿԻ

Միացյալ Նահանգները շահագրգռված չէ համաշխարհային էներգետիկ շուկայում առաջարկի ծավալները նվազեցնելու հարցում․ դա կհանգեցնի բենզինի գների բարձրացմանը ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին։

«Նախագահ Բայդենի նպատակն էր առավելագույնս ազդել նախագահ Պուտինի և Ռուսաստանի վրա՝ նվազագույնի հասցնելով նրանց ազդեցությունը մեր, մեր դաշնակիցների և գործընկերների վրա»,- ասել է նա:

Սպիտակ տան խոսնակը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի՝ որպես էներգակիրների առաջատար մատակարարի կարգավիճակը փոխելու ուղղությամբ: Նա նաև շեշտել է՝ Վաշինգոնը չի պատրաստվում հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից:

«ԱՄՆ-ը մտադիր է անվտանգության ոլորտում ևս 10 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Կիևին աջակցությունը շարունակելու համար պետք է ընդլայնվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և ամրապնդվի ՆԱՏՕ-ի արևելյան թևը»,- ընդգծել է Սակին, միաժամանակ հավելելով՝ նախագահ Բայդենը միշտ բաց է թողնում դիվանագիտության դուռը։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միջազգային մակարդակով դատապարտելու կարևորությունը։ «Կողմերը քննարկել են Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աջակցելու անհրաժեշտությունը»,- ասվում է առաջնորդների հեռախոսազրույցից հետո հրապարակված հայտարարության մեջ։

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել նրան` Ուկրաինային Թուրքիայի աջակցության համար։

ՌԴ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԵՅՍԲՈՒՔՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է

«Ռոսկոմնադզորը» որոշում է կայացրել ՌԴ տարածում Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելափակելու վերաբերյալ: Որպես պատճառ նշվում է այն, որ Ֆեյսբուքի կողմից արձանագրվել է ռուսաստանյան ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականություն:

Կառույցը հայտնել է նաև Թվիթեր սոցիալական ցանցն արգելափակելու մասին։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն