Ադրբեջանը պետք է կարևոր նախագծեր իրականացնի տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքը։

Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

«Իհարկե, մեր տարածաշրջանում կարևոր գործընթացներ են տեղի ունենում, և այդ գործընթացները հետևանքներ ունեն։ Դուք ունեք կարևոր նախագծեր, որոնք դուք իրականացնելու եք, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը։ Ես այսօր ժամանել եմ Բաքու, որպեսզի տեղեկատվություն տրամադրեմ այս բոլոր հարցերի շուրջ մեր կատարած աշխատանքի մասին և քննարկեմ, թե ինչ քայլեր կձեռնարկենք միասին», – հայտարարել է Չավուշօղլուն։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի և Անկարայի միջև հարաբերությունները միշտ եղել են դաշնակցային, իսկ 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագիրը միայն պաշտոնապես հաստատել է իրերի դրությունը:

«Այսօր մենք կքննարկենք Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը։ Երեք ամիս անց մենք նշելու ենք Շուշիի հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձը։ Սա պատմական փաստաթուղթ է։ Իրականում թուրք-ադրբեջանական հարաբերությունները միշտ եղել են դաշնակցային, և այդ դաշնակցությունն ապրում է մեր ժողովուրդների սրտերում։ Մենք ուղղակի պաշտոնապես հաստատել ենք դա Շուշիում անցյալ տարի», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ Բաքվի և Անկարայի համատեղ ջանքերը «ապահովում են տարածաշրջանի հետագա զարգացումը»:

«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից:

Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի առկայության դեպքում երկրներից մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անվտանգության նկատմամբ «կողմերը միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն