Չավուշօղլուն Ալիևի և Բայրամովի հետ քննարկել է Հարավային Կովկասին և Ուկրաինային վերաբերող հարցեր
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ԱԳ նախարարների բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսին Բայրամովը նշել է, որ քննարկումների առանցքային հարցերն են եղել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հնարավորությունը, Հայաստանի հետ սահմանների սահմանազատման հարցերը, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
Չավուշօղլուն հայտնել է, որ գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի մասին: Բայրամովի խոսքով՝ Բաքուն դրական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Բանակցությունների մյուս կարևոր հարցը եղել է իրավիճակն Ուկրաինայում: «Մենք դեմ ենք պետությունների սահմանների բռնի փոփոխությանը և դեմ ենք Ուկրաինայի դեմ պատերազմին։ Քայլեր ենք ձեռնարկում այդ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Բայրամովն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել 5,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ օգնություն՝ երկու ինքնաթիռով:
1lurer.am