ՌԴ քաղաքացիները ամսվա ընթացքում կարող են արտասահման փոխանցել ոչ ավել, քան 5000 դոլար
Ռուսաստանի կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները ամսական 5000 դոլարի չափով, ասվում է տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում աճող անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, բանկերին հանձնարարում է սահմանափակել ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան փոխանցումները 5000 դոլարի չափով»,- հայտնել է ՌԴ ԿԲ-ն:
Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների և ՌԴ քաղաքացիների հաշիվներից փոխանցումների վրա:
Tert.am