Անշարժ գույքի գործակալությունները բազմաթիվ դիմումներ են ստանում․ ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստանում բնակվելու ցանկություն են հայտնում
Ռուս-ուկրաինական ռազմական լայնածավալ բախումները, արևմտյան տնտեսական պատժամիջոցներն ու սահմանափակումները պատճառ են դարձել, որ ռուս գործարարները շուտափույթ իրենց գործունեության համար նոր վայրեր փնտրեն, գտնեն։ Ռուսաստանցի անհատ քաղաքացիների և հատկապես բիզնես ընկերությունների դեպի Հայաստան փոխադրումների քանակը ցույց է տալիս, որ նրանց համար ցանկալի այլընտրանքային երկիր է համարվում նաև Հայաստանը: Որոշ ընկերություններ իրենց բիզնեսը ՀՀ տեղափոխելու գործընթացն արդեն սկսել են: Օրերս երևույթին անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարարը և հայտնեց, որ ռուսական ընկերությունների տեղափոխումը շարունակաբար աճելու միտում ունի և նախարարությունը վերջիններիս աջակցություն ցուցաբերելու համար ստեղծել է գործող բիզնեսն այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ «Առաջին լրատվականը» փորձել է պարզել՝այս իրադարձությունները ինչպիսի ազդեցություն են թողել բնակարանների վարձակալության քանակի և գների վրա։
«ՍԻԼՎԵՐ Ռ.Ե.Ա.» անշարժ գույքի գործակալությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ իսկապես վերջին օրերին էականորեն ավելացել է ռուսական բիզնես ընկերություններից դիմումները՝ Հայաստանում աշխատանքային բնակելի տարածք վարձակալելու։ Տնօրենի հավաստմամբ՝ օրեցօր դիմումները շատանում են։ Ավելի հաճախ դիմում են մինչև 9-10 հոգանոց աշխատակազմ ունեցող ընկերություններ
Հարցին, թե այս իրավիճակով պայմանավորված պահանջարկի ավելացմամբ վարձակալության գները չե՞ն բարձրացել, ի պատասխան նշեց, որ վարձակալության գների առումով նախկինի համեմատ դեռևս փոփոխություն չկա, նույն գներն են, ինչ որ մինչև պատերազմն ու պատժամիջոցները։ «Սակայն, օրինաչափության համաձայն մեզ մոտ պահանջարկի ավելացման հետ միշտ գները բարձրանում են, հիմա էլ սպասելի է, որ առաջիկայում վարձակալման գների թանկացում կլինի»,-կածում է Հարությունովը։
Վերջինիս խոսքով՝ ռուսները հիմնականում նախընտրում են բնակվել Արաբկիր, Կենտրոն շրջաններում կամ դրանց մոտ բնակարաններում։ Ըստ Հարությունովի ռուական ընկերությունները իրենց ընտրությունը բացատրում են նրանով, որ Հայաստանը զարգացող, բարեկամական, հյուրընկալ և ազատ երկիր։ Այստեղ ապահով է, իրենց լավ են վերաբերվում։ «Շատ սարսափելի ու ցավալի իրադարձություններ են կատարվում,մաեծ թվով մարդիկ են զոհվում,անմեղ մարդիկ, սակայն մեր տնտեսության համար բավականին օգտակար հնարավորություններ են ստեղծվում։ Մեր երկրի համար օգտակար է ոչ միայն նրանց մուծած հարկերը, վարձավճարները, բանկային շրջանառությանն ակտիվացմանը նպաստելը, այլև այն, որ տեղափոխվողները կարող են Հայաստան բերել նաև իրենց գործընկերներին, իսկ գնալուց հետո այստեղ կպահպանեն գրասենյակներն ու հայկական ընկերությունների հետ կապերը, բիզնես համագործակցությունը կխթանվի»,-ասում է գործակալության ղեկավար Անդրանիկ Հարությունովը։ Վերջինս նաև նշեց որ բացի ռուսներից արդեն նաև ուկրաինացիների շրջանում է նկատվում ցանկություն՝ Հայաստանում բնակվելու։
«Ակցեռն» գործակալությունից մեզ հայտնեցին,որ ռուս ընտանիքներից, նաև ընկերություններից դիմումների ակտիվությունը շատ տպավորիչ է։ Մեկ օրվա ընթացքում ավելի քան 15-20 հարցում են ստանում։ Գործակալության փոխանցմամբ՝ իրենց մոտ գերակշռում են ռուս քաղաքացիների, ընտանիքների կողմից դիմումները,քան թե ընկերությունների, բայց գրանցումներն այդքան շատ չեն լինում։ Պատճառն այն է,որ շատ հաճախ հայ տանտերերը կարճ՝ երկու ամիս ժամանակով չեն համաձայնում տրամադրել՝նշելով,որ այդպես իրենց ձեռնտու չէ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատակիցը կարծում է՝ արդեն միտում կա և բնակարանների վարձակալության գները շուտով կբարձրանան․
Իսկ արդյոք դա նպաստո՞ւմ է, որ ռուս քաղաքացինեը ցանկանան տեղափոխվել նաև մարզեր, Ակցեռնի աշխատակիցն ասաց. « Ո´չ, հիմնականում նախընտրում են մեծ ու փոքր Կենտրոններում,Արաբկիր վարչական շրջանում բնակվել ժամանակավորապես,իսկ մարզերի մասին խոսք չկա»։ Վարձով բնակարաններ գտնելու համար շատ են դիմում նաև Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում հաստատված իրենց բարեկամների, ընկերների համար։
1in.am