«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին». Ալիև
«Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության օգտին. մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։
Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Նախագահը նաև հիշեցրել է իր ֆրանսիացի գործընկերոջը, որ վերջին տասնամյակների ընթացքում Բաքուն բազմիցս պաշտոնապես հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հյուրընկալելու իր մտադրության մասին։
«Մենք պատրաստ ենք շուտով տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը մեր երկրում՝ հիմնված անդամ պետության ինքնիշխանության իրավունքի նկատմամբ հարգանքի վրա»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
1in.am