Շարունակում են Ռուսաստանի նկատմամբ կոշտ պատժամիջոցները։ Վերլուծաբան Յուրի Շվեցը նշում է, որ որոշ երկրներ, այդ թվում՝ հետխորհրդային երկրներ գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ և համաձայնել են օգնել Մոսկվային շրջանցել այն պատժամիջոցները, որոնք ՌԴ-ի դեմ կիրառվել են վերջին շաբաթվա ընթացքում: Այդ երկրների շարքում են Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Դրանցից բացի, նշվում է նաև Թուրքիայի և Իրանի անունը: Իրանը առանց այդ էլ պատժամիջոցների տակ է և առանձնապես մեծ օգնություն Ռուսաստանն Իրանից դժվար թե կարողանա ստանալ: Ավելին, հիմա արդեն պատրաստ է Իրանի միջոկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերականգնման պայմանագիրը, որը թույլ կտա Իրանին միջազգային շուկա հանել իր նավթը և դա կարող է զգալիորեն փոխհատուցել նավթի պակասը, որը տեղի կունենա, երբ էմբարգո (արգելք) դրվի ռուսական նավթի վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, ապա, Շվերցի դիտարկամբ՝ խոսքն այն մասին է, որ օրինակ, Թբիլիսին օդային փոխադրումների համար հաբ դառնա Ռուսաստանից դեպի այլ երկրներ և հակառակը: Այսինքն Թբիլիսիում կիջնեն ՌԴ-ում արտադրված ապրանքները, և դրանք այլ երկրներ կմտնեն որպես Վրաստանում արտադրված ապրանքներ:

Այս առնչությամբ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի դեպքում նման բան հնարավոր է, իսկ Վրաստանի դեպքում մի քիչ բարդ կլինի, որովհետև Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել և սկզբունքորեն երկիրը կողմնորոշված է ավելի շատ դեպի արևմտյան գործընկերների աջակցությունը: Թեև հիմա Վրաստանը ձեռնպահ է մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Դա կապված է միայն ու միայն անվտանգության հետ կապված ռիսկերի հետ:

Պատժամիջոցները հաղթահարելու հարցում Ռուսաստանին օգնելը միանշանակ Վրաստանի առջև դրված խնդիրներից չէ, որովհետև դա կարող է գնահատվել որպես հավաքական Արևմուտքի ջանքերի դեմ ուղղված քայլ՝ դրանից բխող հետևանքներով: Այնպես որ, ես չեմ կարծում, որ Վրաստանը կօգներ Ռուսաստանին՝ խուսափել պատժամիջոցներից: Վրաստանը պատժամիջոցներին չի միացել միայն անվտանգության նկատառումներից ելնելով: Բացի այդ, Վրաստանի կողմից պատժամիջոցները շատ անարդյունավետ էին լինելու: Ռուսաստանը առանց վրացական գինու և այլ մթերքների հանգիստ կարող է յոլա գնալ, իսկ փակել ցամաքային սահմանը Ռուսաստանի առջև, նշանակում է փակել ՌԴ-ից տարանցիկ ճանապարհը դեպի Հայաստան, Թուրքիա, ինչը ևս լուրջ հետևանքների կարող է բերել Վրաստանի համար: Այնպես որ, ես չեմ կարծում, որ Վրաստանն այսօր ընտրություն ունի»:

Առնոլդ Ստեփանյանը համոզված է, որ Վրաստանը ոչ մի պարագայում չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հաղթահարելու գործին. «Կապրենք, կտեսնենք, հնարավոր է՝ ես սխալվեմ, որովհետև աշխարհը պատերազմից հետո այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է նախքան պատերազմը»:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն