Զելենսկին համաձայնել է Ղրիմի շուրջ քննարկում անցկացնել Ռուսաստանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել Ղրիմի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման շուրջ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Նա նշել է, որ պատրաստ է փոխզիջումներ փնտրել այդ հարցերում: Նրա կարծիքով՝ այժմ գլխավորը հասկանալն է, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրելու։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը ուղիղ բանակցություններ է խնդրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների միջև: Նա խոստացել է այդ մասին հիշատակել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկի մասին հայտարարել է նաև ինքը՝ Զելենսկին։ Նա ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահի հետ խոսել ամեն ինչի մասին, այդ թվում՝ Դոնբասի մասին, որպեսզի չպատերազմեն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 7-ին նշել է այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը կդադարեցնի Ուկրաինայում հատուկ գործողությունը: Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն սահմանել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում, ինչպես նաև Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման ռազմական հատուկ գործողությունը:
Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում Պուտինը հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Armeniatoday.news