Ռուս–ուկրաինական հակամարտության սրման 13-րդ օրը կողմերն արդեն 4–րդ անգամ պայմանավորվում են երկրում լռության ռեժիմ սահմանելու և հումանիտար միջանցքներ բացելու հարցի շուրջ։ Արդեն երկու շաբաթ շարունակվող  ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայում օր օրի սրվում են նաև հումանիտար խնդիրները․ խաղաղ բնակչության տարհանումը շարունակում է մնալ ամենակարևոր հարցերից մեկը։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս անգամ մի քանի բնակավայրերից  հաջողվել է տարհանում կազմակերպել, սակայն ոչ միշտ է պահպանվել հրադադարի ռեժիմը։



«Հայերը գնացել են, որ Սումի քաղաքում նստեն ավտոբուս, բայց այնտեղ պարզվել է, որ սկզբում տեղափոխելու են ծերերին և երեխաներով ընտանիքների կանանց։ Արդյունքում՝ հայ երկու երիտասարդ ընտանիքներ չեն կարողացել դուրս գալ, քանի որ հերթերը շատ մեծ են եղել, իսկ իրենք էլ երեխաներ չունեին, որպեսզի առաջնահերթությունից օգտվեին»,– ասում է Դավիթ Մկրտչյանը։



Մարտի 7-ին Բելառուսում ավարտվել է ռուս–ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Դրանից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում փոքր առաջընթաց կա։ Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հայտարարել է, որ մարտի 8-ին Մոսկվայի ժանամակով 10։00-ից «լռության ռեժիմ» կգործի Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանը պատմում է՝ այսօր, ինչպես նախորդ երկու օրերին, Մարիուպոլում տարհանումը ռմբակոծություններով է ուղեկցվել։



«Մարիուպոլից մի քանի ավտոբուսներ են դուրս եկել․ հիմա փորձում ենք ճշտել՝ դրանցում հայեր կան, եղել են, թե ոչ, բայց գիտենք, որ այդ ավտոբուսներն էլ ճանապարհին թիրախավորվել են, և ստիպված են եղել մեծ արագությամբ դուրս գալ այդ տարածքներից»,– պատմում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը ֆեյսբուքյան տեսաուղերձով  հայտնել է, որ մարտի 8-ին մարդասիրական միջանցք բացելու հերթական փորձը ռմբակոծությունների հետևանքով  կարող է ձախողվել։ Նա շեշտել է, որ տարհանումներ իրականացնելուց բաց՝ի շրջափակման մեջ գտնվող քաղաքներ են ուղարկում նաև ջուր, դեղորայք, հացահատիկ և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։



Հայ համայնքի ներկայացուցիչները նկատում են՝ մարդիկ  հիմնականում շարժվում են դեպի Ուկրաինայի արևմուտք, օրինակ՝ Լվով, այնտեղից էլ սահմանակից ԵՄ երկրներ։ Ռուս–ուկրաինական հակամարտության սրման 2-րդ օրը՝ փետրվարի 26-ին, ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնք պատերազմական գործողությունների պատճառով ցանկանում են լքեր երկիրը, կարող են Ուկրաինային սահմանակից ԵՄ երկրների սահմաններն հատել առանց վիզայի։ 

Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալքեսանյանն ասում է՝ առավել հաճախ մեր հայրենակիցները դեպի Լեհաստան են տեղափոխվում։

«Ներկա պահին Ուկրաինայից հեռացած հայերը հիմնականում կենտրոնացած են 5 երկրներում․ առաջինը Լեհաստանն է, արդեն շատ մեծ քանակ են կազմում տեղահանված հայերը։ Մոլդովայում, ևս շատ հայեր կան, այստեղ շուտով կացարանների խնդիր կունենանք։ Քաղաքացիներ ունենք նաև Հունգարիայում և Սլովակիայում»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը և նկատում՝ վերջին օրերին մարդիկ հնարավորություն են  ունեցել նաև Կիևից Ուկրաինայի տարածքը լքել օդային ճանապարհով, սակայն միան դեպի Բելառուս և Ռուսաստանի Դաշնություն։

«Խոսքը վերաբերում է Ուկրաինայի հյուսիսային սահմանով դեպի Բելառուս և դեպի ՌԴ արևելյան սահման տարհանման հնարավորություններին։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում դուրս գալ դեպի Ռուսաստան կամ Բելառուս, կարող են ցամաքային ճանապարհներով դեպի արևմուտք գնալ։ Այսինքն՝ ինչ–որ իմաստով տարհանման ուղիները գործում են, եթե համեմատենք մի քանի օր առաջ Մարիուպոլի դեպքի հետ, երբ հայտարարված լռության ռեժիմը այդպես էլ չգործեց»,– մանրամասնում է Ալեքսանյանը։

Սփյուռքի հարցերի գրասենյակում չգիտեն՝ քանի հայ է օգտվել տարհանման հնարավորությունից և դուրս եկել Ուկրաինայից։ Բայց միանշանակ է, որ  ուկրաինական քաղաքներում և ապաստարաններում դեռ կան հայ ընտանիքներ։ Հայաստան վերադարձածների վերաբերյալ տվյալներ էլ գրասենյակում չունեն։ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Ուկրաինայից հայրենիք վերադարձած մեր քաղաքացիները տարբեր խնդիրներով դիմել են հանձնակատարի գրասենյակ։

«Այս պահին մեզ դիմել են Հայաստան վերադարձած Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցները, որոնք իրենց ազգականների տանն են Հայաստանում, կացարանի խնդիր չունեն, բայց հետաքրքրվում էին, թե ինչ աջակցություններից կարող են օգտվել, քանի որ տարեցներ են։ Նաև ունենք Հայաստան վերադարձած երիտասարդ աղջիկներ, որոնց մենք օգնել ենք Եվրոպայից Հայաստան վերադառնալ»։

Ալեքսանյանն ասում է՝ պետական աջակցության համակարգված օգնության ծրագրեր Ուկրաինայից տեղահանված մեր հայրենակիցների համար այս պահին դեռ չկան․ օգնում են միայն անհրաժեշտ խորհրդատվությամբ։ Ռուս–ուկրաինական հակամարտության սրմանը զուգահեռ ավելացել են նաև Ռուսաստանի դաշնությունից ստացվող զանգերն ու հարցերը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ։ Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ 10 օրվա ընթացքում նման շուրջ 300 զանգ են ստացել։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն