ԱՄՆ-ն արգելք է սահմանում ռուսական նավթի ու գազի ներկրման վրա. Բայդեն
Միացյալ Նահանգներն արգելք է սահմանում ռուսական նավթի ու գազի ներկրման վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հանդես գալով տեսաուղերձով:
Նրա խոսքով՝ այդ սահմանափակումները բացասաբար կանդրադառնան նաև ԱՄՆ-ի վրա, սակայն երկրի իշխանություններն այդ քայլը ճիշտ են համարում:
Բայդենը նշել է նաև, որ ԱՄՆ-ն մտադիր է կատարել ՆԱՏՕ-ում հավաքական պաշտպանության գծով իր պարտավորությունները՝ Ուկրաինայում ՌԴ գործողությունների լույսի ներքո:
«Այս որոշումն ունի Կոնգրեսի երկու պալատներում ներկայացված կուսակցությունների լիակատար աջակցությունը: Մենք Եվրոպայի և աշխարհում մեր մյուս դաշնակիցների հետ երկար ենք քննարկել ընդունված որոշումը»,- նշել է Բայդենը: Արգելվելու է ռուսական էներգակիրներով բեռնված նավերի մուտքը ամերիկյան նավահանգիստներ: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ կհասկանա, եթե ԵՄ անդամ երկրները չմիանան Միացյալ Նահանգների այդ որոշմանը: Նման քայլով, ըստ Բայդենի, ԱՄՆ-ն ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունն Ուկրաինային:
Նա նաև տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը նույնպես քայլեր է ձեռնարկելու՝ ՌԴ-ից էներգակիրների ներմուծումն աստիճանաբար կրճատելու ուղղությամբ:
1lurer.am