ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԿԿԱՅԱՆԱ ՊՈՒՏԻՆ-ԼՈՒԿԱՇԵՆԿՈ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո: Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում: Նախագահները վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում փետրվարի կեսերին։

ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ուկրաինայի տարբեր շրջաններում հումանիտար միջանցների բացման շուրջ հակասական հայտարարությունները շարունակվում են: Մարիուպոլ մնում է ամբողջությամբ արգելափակված՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ այդ քաղաքում մարդասիրական միջանցքները չեն աշխատում, քանի որ կրակը չի դադարում:

Զելենսկին նշել է, որ ուկրաինական իշխանություններին հաջողվել է այլ քաղաքներից տարհանել ավելի քան 40 հազար մարդու։ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ միակողմանի ամենօրյա ռեժիմով Ուկրաինայում առավոտյան ժամը 10-ին դեպի Ռուսաստան մարդասիրական միջանցքներ կբացի։

ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետն արձագանքել է Ուկրաինայի իշխանությունների երեկվա պնդումներին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ն չի պահպանում խոստացած լռության ռեժիմը:

Միխայիլ Միզինցևի խոսքով՝ այդ հայտարարությունները սուտ են և սադրիչ, և հումանիտար միջանցքներով քաղաքացիական բնակչության տարհանմանը խոչընդոտում են այդ բնակավայրերում տեղակայված ուկրաինական զինված ուժերը և ազգայնականները:

ՌԴ ԶՈՒ-Ն ՄԵԿ ՕՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ 3 ՈՒՂՂԱԹԻՌ ԵՎ 8 ԱԹՍ

Ռուսական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական ԶՈՒ-ի երեք ուղղաթիռ և ութ անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 5 «Բայրաքթար»: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը գրավել են Վոլնովախա քաղաքը՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Իգոր Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլի շուրջ: Ռուսական ռազմական հատուկ օպերացիայի անցկացման ողջ ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 3200 օբյեկտ:

Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի կորուստները գնահատվում են ավելի քան 100 միլիարդ դոլար:

1.5 ՏՐԼՆ ԴՈԼԱՐ՝ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունել Է ընթացիկ ֆինանսական տարում 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը: Ընդունված փաթեթում ներառված Է հումանիտար, ռազմական և տնտեսական օգնություն Ուկրաինային` 13,6 միլիարդ դոլարի չափով: Նախաձեռնությանը հավանություն Է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Սպիտակ տունն արդեն հայտարարել Է, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այդ նախաձեռնությունը:

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ ԳՆԱՃԻ ՊԱՏՃԱՌ. ԲԱՅԴԵՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգներում վերջին 40 տարվա համար ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Բայդենն ընդգծել է, որ Ռուսաստանը, սակայն, ավելի բարձր գին է վճարում:

«Կարծում եմ՝ ամերիկացի ժողովուրդը գիտի, թե որքան կարևոր է այս պայքարը»,- նշել է ԱՄՆ առաջնորդը և հավելել, որ ծախսերն ավելի մեծ կլինեն, եթե ԱՄՆ-ը հիմա չգործի:

Ջո Բայդենը Ոկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թուրքիայի նախագահի հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ զրույցը տևել է գրեթե մեկ ժամ: Բայդենը շնորհակալություն է հայտնել Թայիփ Էրդողանին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ջանքեր գործադրելու համար:

ԵՄ-Ն ՌԴ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՄ անդամ երկրները ՌԴ-ին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, վերջինիս տարածքից դուրս բերել իր զորքերը: ԵՄ առաջնորդների՝ Վերսալում տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել: ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթը պատրաստվում է, այն գործուն կլինի՝ վստահեցնում են ԵՄ-ից:

Կառույցը մտադիր է էլ ավելի ուժեղացնել ճնշումները ՌԴ և Բելառուսի նկատմամբ, պատրաստ է նոր պատժամիջոցների: ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերն Ուկրաինայի հետ, որը «պատկանում է եվրոպական ընտանիքին» և կշարունակի ֆինանսական, նյութական ու մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է ներկայացնել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի՝ ԵՄ անդամության համար ներկայացված հայտերի գնահատականը:

ԵՄ-Ն ՉԻ ԱՐԳԵԼԻ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, որոնք կազդեն նավթի և գազի ոլորտների վրա՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Մենք մեր օգտին են լուծել ամենակարևոր հարցը՝ նավթի և գազի ոլորտի հետ կապված պատժամիջոցներ չեն լինի, այսինքն՝ ապագայում Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված է»,- ասել է Օրբանը Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո։

Գերմանիան նույնպես չի արգելի էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը։ Գերմանիայի նավթի մեկ երրորդը և բնական գազի կեսից ավելին մատակարարվում է Ռուսաստանի կողմից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն