Արթուրը 44-օրյա պատերազմում ձեռքի վնասվածք է ստացել։ Արդեն մեկ ամիս բուժման նպատակով հաճախում է Վանաձորի բժշկական կենտրոնի նոր վերականգնողական բաժանմունք։

Արթուր Չոբանյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Չեմ կարողանում շարժել, բայց էս մի ամսվա ընթացքում, ինչ գալիս եմ էստեղ, արդեն փոփոխությունը զգում եմ։

Ակսելի վիրավորումը ևս 44-օրյա պատերազմի հետևանք է։ Վերականգնողական բաժանմունքի աշխատանքից գոհ է, վստահ է՝ բուժումներն արդյունք կտան, ու կկարողանա բնականոն կյանք վերադառնալ:

Ակսել Շամիրյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Տարբերություն դեռ չեմ նկատում, շուտ է, բայց վերջում նկատելի կլինի։

Վանաձորի բժշկական կենտրոնում վերականգնողական բաժանմունքը բացվել է «Ազնավուր» հիմնադրամի և Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի գործակցությամբ: Նպատակը Արցախյան պատերազմից տուժածների և այլ քաղաքացիների վերականգնողական խնամքի պատշաճ կազմակերպումն ու բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն է:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այս վերականգնողական բժշկական օգնությունը պետք է տրամադրվի պարբերական սկզբունքով։ Օգնությունը չի ընդհատվում, կարիքը չկա գալ Երևան, ստացոնար բժշկական օգնության դիմել, այսինքն՝ պառկել 10-15 օր։

Վերականգնողական բաժանմունքի նպատակն է թիրախավորել միանգամից մի քանի խնդիր՝ հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորություն ստեղծելով շահառուների լայն խմբի համար։

Քրիստինա Ազնավուր («Ազնավուր» հիմնադրամի տնօրեն) - Մենք վերապրել ենք պատերազմը, ինչպես այդ պահին Հայաստանում գտնվող ցանկացած մարդ: Եվ լինելով Հայաստանից դուրս՝ արագ փորձում էինք մտածել, թե ինչպես կարող ենք օգնել, թեթևացնել վիրավորների, հարազատ, ծնող կորցրած մարդկանց ցավը:

Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող 12 միավոր վերականգնողական սարքավորում։ Վերապատրաստվել են տեղի 14 մասնագետները։ Ֆրանսիացի վերապատրաստող բժիշկների ևս 2 խումբ Վանաձոր կժամանի մայիսին։

Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան) - Մենք որոշեցինք աջակցել այս ծրագրին մի քանի պատճառով։ Առաջինը զինհաշմանդամներին առաջին օգնության տրամադրումն է։ Երկրորդը՝ որ այս ծրագիրը տևական է լինելու: Այսինքն՝ ծրագրի շնորհիվ նոր կենտրոն է բացվելու, և երկարաժամկետ բարեփոխումներ են արվելու։

Ծրագրի կազմակերպիչները, տեսնելով արդյունքները, հույս են հայտնում, որ գործակցությունը շարունակական կլինի և նման բաժանմունքներ կբացվեն նաև հանրապետության այլ համայնքներում:

Հեղինակ՝ Սերինե Սերոբյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն