Արդեն մի քանի օր՝ չի հաջողվում կապ հաստատել շրջափակված Մարիուպոլի հետ՝ պատմում է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ «Ռադիոլուր»–ի փորձերը ևս արդյունք չեն տալիս․ մենք պարբերաբար զանգում ենք Մարիուպոլի հայ համայնքի նախագահ Ռուբեն Մակարյանին, բայց զանգերը կամ անպատասխան են մնում կամ պատասխանում է ինքնապատասխանիչը։ Նախօրեին Կիևի բնակիչ Էդուարդ Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում պատմել է․

«Իմ հայ ծանոթներից շատերը դեռ Ուկրաինայում են, բայց իրենց հետ կապ հաստատել չի ստացվում։ Հատկապես այն քաղաքներում, որտեղ ակտիվ կռիվներ են, օրինակ՝ Խարկովում, Մարիուպոլում, ընդհանրապես կապ չկա։ Գիտեմ, որ այնտեղի բնակիչների բարեկամները փորձում են գտնել այդ մարդկանց, բայց ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել․ չգիտեն՝ ո՞ղջ են, թե՞ մեռած»,– ասում է Էդուարդ Ղազարյանը։

Առավոտյան ուկրաինական աղբյուրները գրում էին, որ հրթիռակոծվել է Մարիուպոլի Դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ, ըստ Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի, ապաստանել էին խաղաղ բնակիչներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շենքին ավիահարված հասցնելու մասին Կիևի մեղադրանքները՝ տեղի ունեցածը անվանելով «Ուկրաինայի ազգայնականների սադրանք»։

«Վերջին 2-3 օրվա ընթացքում փոփոխություն գրեթե չկա։ Իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ։ Մարիուպոլը, Խարկովը, Կիևը շարունակում են ակտիվ ռմբակոծել։ Կիևում արդեն քաղաքը, բնակելի շենքերն են ռմբակոծում։ Սնունդի դեղորայքի հետ կապված էլ իրավիճակը նույնն է․ մարդիկ հիմնականում կամավորների միջոցով են օգտվում խանութներից»,– պատմում է Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ վերջին օրերին հումանիտար միջանցքները գրեթե չեն գործել․ Ուկրաինայի հայաշատ քաղաքներից հայերը, որպես կանոն, սեփական միջոցներով են դուրս եկել։



«Նախորդ օրերին հայտարարված հումանիտար միջանցքները, կարելի է ասել․ չեն գործել։ Չերնիգովից 2 ընտանիք է դուրս եկել վերջին օրերի ընթացքում, Խարկովից է մի քանի ընտանիք կարողացել դուրս գալ։ Մարիուպոլից էլ դուրս եկողներ եղել են, բայց նրանք դուրս են եկել ոչ թե կազմակերպված միջանցքներով, այլ իրենց հնարավորություններով։ Ընդհանուր առմամբ քանի հայ ընտանիք է դուրս եկել ու հասել անվտանգ տեղեր՝ դեռ հայտնի չէ»,– պատմում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Վերջին օրերին հումանիտար միջանցքներ գործում են միայն ուկրաինական բնակավայրերից մարդկանց դեպի Ռուսաստանի Դաշնություն տարհանելու համար՝ ասում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը․

«Ռուսաստանը շրջափակված քաղաքներից հումանիտար միջանցքներ է առաջարկում միայն դեպի Ռուսաստան։ Ինչպե՞ս կարող ենք մենք մեր քաղաքացիներին ուղարկել այնտեղ՝ Ռուսաստան գերի ընկնելու։ Եթե դա իսկապես հումանիտար միջանցք է, ապա քաղաքացին ինքը պետք է որոշի, թե դեպի ուր է ցանկանում տարհանվել»։



ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևն էլ նախօրեին հայտարարել էր, որ միայն Մարիուպոլից օրական տարհանվում է շուրջ 31000 մարդ։ Ըստ ռուսական կողմի՝ հումանիտար միջանցքների ուղղությունը կախված է բնակիչների ցանկությունից․ Միխայիլ Միզինցևը ասել է, որ տարհանվածների 99% ցանկություն է հայտնել մեկնել Ռուսաստան։



Ռուս–ուկրաինական պատերազմի սկզբից՝ փետրվարի 24-ից մինչ այսօր Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են։ Կան նաև ուկրաինացիներ՝ ասել է հավատարմատարը․

«Հայաստանում Ուկրիանայի դեսպանատունը փորձում է իր հնարավորությունների սահմանում օգնել Հայաստան եկած մեր հայրենակիցներին։ Մեր ունեցած տվյալներով՝ պատերազմի 3 շաբաթների ընթացքում Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի։ Նրանց մեծ մասը հայեր են և, որպես կանոն, Հայաստաում ունեն հարազատներ, բարեկամներ ու հազվադեպ են օգնության համար դիմում դեսպանատուն։ Այս պահին մենք Ուկրաինայի քաղաքացիներին հիմնականում օգնում ենք լուծել փաստաթղթային հարցերը։ Դժվարություններ ունենք միայն փախստականերին աշխատանքի տեղավորելու խնդրում»,– ասել է Դենիս Ավտոնոմովը։



Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը շեշտել է, որ դեսպանատուն դիմում են նաև տեղաբնակ հայեր, որոնք իրենց օգնությունն ու հաճախ նաև կացարաններն են առաջարկում Ուկրաինայից տեղահանվածների համար։

Նախօրենին ՄԱԿ–ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել էր, որ Ուկրաինայից հեռացողների թիվը անցել է 3 միլիոնը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն