ԱԺ հանձնաժողովում ներկայացվել է սոցիալական ծրագրերի մասով Կառավարության ծրագրի 2021թ. կատարողականը
Կառավարության ուշադրության կենտրոնում են ժողովրդագրական իրավիճակի մարտահրավերները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովում ներկայացրեց Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքը:
Մոտ 1,3 մլրդ դրամ հատկացվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով, շահառուները՝ 1949-ն են:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Նախարարությունն արդեն մեկնարկել է ժողովրդագրության ռազմավարության մշակումը, կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք կունենանք նաև ռազմավարությունից բխող գործողությունների շրջանակը:
Ծնելիության խթանմանը միտված քայլերից է 2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաներին ամսական 50000 դրամ աջակցությունը: Նախարարի խոսքով՝ տարեսկզբից բարձրացվել են 131767 շահառուի վճարվող թոշակները և նպաստները, հիմնականում` 3000 դրամով: Պետությունը մի շարք փոփոխություններ է կատարել նաև սոցփաթեթի հատկացման կարգում՝ ավելացնելով նոր ծառայություններ:
Նարեկ Մկրտչյան - Գործող կարգավորումների համաձայն՝ սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամներ են համարվում շահառուի ամուսինը և մինչև 27 տարեկան զավակը։ Որոշմամբ հանվել է զավակի՝ մինչև 27 տարեկան լինելու սահմանափակումը, ինչպես նաև շահառուների շրջանակի մեջ ներառվել են շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, համատեղ բնակվող եղբայրը և քույրը։
Նախարարը փաստեց, որ 2021 թվականին բավականին հավակնոտ ծրագիր են կարողացել կյանքի կոչել՝ մեկ պատուհանի տակ հավաքելով մատուցվող 4 ծառայություն: Մկրտչյանը ներկայացրեց նաև երեխայի խնամքի և պաշտպանություն համար իրականացվող ծրագրերի արդյունքները:
Նարեկ Մկրտչյան - Շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա։ 2021 թվականի 61 խնամատար ընտանիքում խնամք է ստացել 88 երեխա, որոնցից 9 հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամք են ստանում մասնագիտացված խնամատար ընտանիքներում: 2021 թվականի ընթացքում եղել է 22 որդեգրում, որոնցից 17-ը՝ ներպետական, 5-ը՝ արտերկիր:
Կառավարությունը շարունակել է աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց նվազ սակագներով վճարելու համար։
Հեղինակ` Անի Օհանյան
1lurer.am