Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում տանիքներ են վնասվել
Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։
Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ