«ՔՊ-ի ցուցակում 161 թեկնածու կա. այն շատ ներառական է». Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց իրենց ակնկալիքը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու, որոնցից 4-ը ազգային փորքմասնության ներկայացուցիչ թեկնածուներն են, մնացած 157-ը համապետական ցուցակում ընդգրկվածները: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ՔՊ-ից ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մեր միակ ակնկալիքն այն է, որ ժողովրդի իշխանությունն այս ընտրություններում վերահաստատվելու է: Թե ժողովուրդը ում միջոցով կիրացնի իր իշխանությունը որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Շատ շուտով, մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակը ամբողջությամբ: Ցուցակը շատ ներառական է, ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից: Այո, Տիգրան Ավինյանը չկա: Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ավինյանի՝ ցուցակում չլինելը պայմանավորված է նրանով, որ ցուցակում է գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը կարող է հետագայում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես ճիշտն ասած, չգիտեմ, թե որտեղից վերցրեցիք այն ամենը, ինչը նոր ասացիք: Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի այդ ընտրություններից հետո, որից հետո միայն կընտրվի վարչապետ ու փոխվարչապետներ նշանակվեն»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու ՔՊ ցուցակում չկա Հայկ Մարությանը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Նկատի ունեք, որ Հայկ Մարությանը պետք է քաղաքապետությունից դուրս գար, դառնար պատգամավո՞ր: Թեկնածու լինելն ինքնանպատակ չէ»:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրեն ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում, Ալեքսանյանն ասաց. «Չեմ լսել այդ հայտարարությունը, բայց Հայկ Մարությանը ՔՊ-ի անդամ է եւ Երեւանի քաղաքապետ»: