2016-ին Սերժ Սարգսյանը Արցախի հայության մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը, համարում էր Բաքուն. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հատված է հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի հատվածից:
««Մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- սա ասել է 2016 թվականին Սերժ Սարգսյանը՝ Կիսելյովին տված հարցազրուցի ժամանակ։
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովուրդների ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականությանը, որովհետև տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի միջև, որը բնակվում է իր պատմական հայրենիքում»:
Առաջին հայացքից ուշագրավ է միայն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց պետք է ուշադիր լինել Սերժ Սարգսյանի այս նուրբ ձևակերպմանը՝ «ժողովուրդների ինքնորոշումը վերաբերում է մայրաքաղաքի և ժողովրդի միջև հարաբերություններին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում»։
Տարիներ շարունակ Արցախի հարցով բանակցություններում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել լուծել Արցախի հիմնախնդիրը՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա։ Իսկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ինչպես ինքը՝ Սերժ Սարգսյանն է ասում, վերաբերում է մայրաքաղաքին և իր պատմական հայրենիքում բնակվող ժողովրդին։ Եվ եթե ժողովուրդը իր պատմական հայրենիքում բնակվող Արցախի հայությունն է, ապա ըստ Սերժ Սարգսյանի՝ մայրաքաղաքը Բաքուն է, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը։ Եվ ըստ Սերժ Սարգսյանի՝ հենց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով պետք է պարզվեին Արցախի հայության և Բաքվի միջև հարաբերությունները։
Փաստորեն, 2016-ին Սերժ Սարգսյանը Արցախի հայության մայրաքաղաքը, որտեղ կենտրոնացված էր իշխանությունը, համարում էր Բաքուն, որի հետ Արցախի հայությունը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով պետք է պարզեր հարաբերությունները»,- գրել է Չախոյանը: