Ռուսական աղբյուրները նշում են, որ «ռազմական հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի»։

Իսկ փորձագետներն ու քաղաքագետներն արդեն այսօր փորձում են հասկանալ, թե պատերազմից հետո ինչպիսին է լինելու աշխարհը եւ առանձին տարածաշրջաններ։ Հայաստանի համար կարեւոր է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Հարավային Կովկասն այն պահից սկսած, երբ Ուկրաինայում ռազմական գործողությունները հասնեն իրենց տրամաբանական վերջնագծին։ 

Ինչի՞ց սկսվեց ուկրաինական ճգնաժամը՝ առաջին հերթին արձանագրենք հետեւյալը․

• Ուկրաինական ճգնաժամը դարձավ այն վերջին կաթիլը, որով պայթեց ու հորդաց տարիներ շարունակ Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի շահերի բախման արդյունքում կուտակված բացասական էներգիան

• Ուկրաինան դարձավ Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ եռանկյունու շահերի բախման կիզակետը, եւ տարածաշրջանային մակարդակի կոնֆլիկտը հատեց գլոբալ կոնֆլիկտի սահմանագիծը։ 

Ինչպիսին է գործերի վիճակն այսօր Հարավային Կովկասում

Պարզ է, որ ռազմական հատուկ գործողության ավարտից հետո մենք ապրելու ենք որակապես կամ բովանդակային առումով այլ աշխարհում եւ այլ տարածաշրջանում, ու փոխվելու է նաեւ Ռուսաստանը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, սակայն թե ինչպես, դեռ ոչ ոք չգիտի ու չի կարող հստակ որեւէ բան ասել այս առնչությամբ։ Իսկ Հարավային Կովկասում գործերի վիճակը հետեւյալն է․

• Վրաստանը, ըստ էության, ամբողջապես Արեւմուտքի (ԵՄ + ԱՄՆ) կողմից է հանդես գալիս, թեեւ պաշտոնական Թբիլիսին, «շառից-փորձանքից հեռու», շատ զգուշավոր եւ լավ հաշվարկված ու խելամիտ կեցվածք է որդեգրել։

• Չնայած ուկրաինական ռազմարշավից հաշված օրեր առաջ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել, սակայն պաշտոնական Բաքուն այժմ չեզոք դիրքորոշում է որդեգրել, իսկ ադրբեջանական հասարակության մեջ ու նաեւ մամուլում, որը գրեթե 100 տոկոսով գտնվում է իշխող վարչակարգի ազդեցության ներքո, առկա են հակառուսական եւ ուկրաինամետ տրամադրություններ։ Ադրբեջանի ե՛ւ նախագահը, ե՛ւ ԱԳ նախարարությունը զերծ են մնում որեւէ կոնկրետ հայտարարություններից, եւ միայն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել էր, որ կարեւոր է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կոնֆլիկտը կարգավորել դիվանագիտական քայլերի եւ բանակցությունների միջոցով՝ չմոռանալով շեշտել, որ այդ կարգավորումը պետք է լինի «պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային։ 

• Հայաստանը եւս, ըստ էության, չեզոք կեցվածք է որդեգրել։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի խորը վերլուծություն կատարել՝ ասելով․ «Եթե մենք փորձենք վերլուծել վերջին շրջանի իրադարձությունները, այդ թվում նաեւ մեզ հետ տեղի ունեցածները, ապա կտեսնենք, որ, սկսած 2013-14 թթ․, սկսվել են աշխարհաքաղաքական տեկտոնիկ այն գործընթացները, որոնք շարունակվում են մինչ այսօր, եւ հենց այդ աշխարհաքաղաքական իրավիճակն է ազդել ԼՂ եւ նրա շուրջ իրավիճակի վրա։ Սա շատ ակնհայտ եւ ապացուցելի է»։ 

Եթե ավելի խորը փորձենք ներթափանցել մեր տարածաշրջանի երեք պետություններից յուրաքանչյուրում առկա տրամադրությունների մեջ, ապա կտեսնենք, որ որոշակի երկվություն կամ երկակիություն կա։ Մի կողմից՝ առկա են լուրջ մտահոգություններ ու մտավախություններ, մյուս կողմից՝ դա փորձ է արվում քողարկել արտաքին՝ ստեղծված իրավիճակում չեզոքության պահպանման ծխածածկույթով։ Այսինքն՝ պահպանվում են բոլոր կապերը Մոսկվայի հետ, եւ միաժամանակ նաեւ պահպանում են չեզոքություն՝ հիշեցնելով «չմիավորված պետությունների շարժման» մանրակերտը։ Սա բավական խելամիտ ու ճիշտ կեցվածք է, բայց նաեւ պետք է ասենք, որ, որպես այդպիսին, միջանկյալ ու ժամանակավոր է, որովհետեւ հենց որ ռուս-ուկրաինական ճակատում զենքերը լռեն, այստեղ էլ իրավիճակը կփոխվի։ 

Ինչպիսին կլինի Հարավային Կովկասի «վաղվա օրը»

Այդ փոփոխությունն առաջնահերթ կերպով արտահայտվելու է նրանով, որ ռուս-ուկրաինական ճակատում զենքերը լռելուց հետո արդեն Հարավային Կովկասի երկրների համար եվրոպական կամ արեւմտյան ընտրության հնարավորությունները նվազելու են, իսկ եվրասիական ընտրության հնարավորությունները՝ ընդլայնվելու։ Ուկրաինայի «գլխին եկածը» (որն այս պահին դեռ գալիս է) տեսնելով եւ նաեւ որոշակի առումով իր մաշկի վրա «կենտրոնախույս տրամադրությունների» հետեւանքները զգալով էլ, Վրաստանը թերեւս ավելի կչափավորի դեպի ՆԱՏՕ իր ձգտումները, թեեւ, եթե մյուս կողմից նայենք, ՆԱՏՕ-ն էլ առանձնապես չի փորձի այլեւս խորանալ Վրաստանի «սեփականացման» գործի մեջ։ Սա իր հերթին կարող է բերել հայտնի «3+3» ձեւաչափի (որն այս պահին դեռ «3+2» է) վերակենդանացման եւ արդեն իրական գետնի վրա՝ կենսագործման գոնե միջնաժամկետ հեռանկարի համար։ Սա իր հերթին հնարավոր է լինելու, եթե նորմալանան հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները (եթե անկեղծ լինենք, ապա հիմա գնում ենք այս ճանապարհով, որքան էլ այն լինի դժվարին ու տարատեսակ խութերով լի)։

Սակայն այստեղ պետք է նկատել մեկ նրբերանգ․ «3+3»-ը կարող է վերածվել նաեւ առանց Արեւմուտքի՝ տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի կամ նոր մեխանիզմի։ Բայց այստեղ կա մի կարեւոր «բայց»։ Այս ամենին հասնելու համար Ռուսաստանն ունի չափազանց շատ անելիք։ Առաջնահերթ կարեւոր է, որ տարածաշրջանում Ռուսաստանը հանկարծ չսկսի ընկալվել որպես «ագրեսոր», «օկուպանտ» կամ «մեծ եղբայր»։ Թե ինչպես է սա արվելու, արդեն թերեւս ռուսական «ստրատեգներն» են որոշելու, քանի որ, մեծ հաշվով, տարածաշրջանի նոր ճարտարապետության գործում «առաջին ջութակ» լինելու հայտ են ներկայացրել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն