Ուկրաինայի «ստվերը» Արցախում․ իրավիճակի սրման պատճառներն ու նպատակները
Արցախում գրեթե մեկ ամիս ադրբեջանական կողմից շարունակվող «գազային ճնշումը», որը մինչև այս պահը դեռ չի հանգուցալուծվել, նախօրեից վերածվել է ռազմական էսկալացիայի։ Ադրբեջանի հերթական սադրանքի հիմքում վերլուծաբանները տարբեր պատճառներ են տեսնում․ լարվածությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ուղիղ ազդեցություն են համարում, կապ են տեսնում Բաքվի և Երևանի փոխադարձ առաջարկների հետ, նաև մատնանշում են ռուս խաղաղապահների նկատմամբ Բաքվի դիրքորոշման գործոնը։ Պաշտոնական Երևանը նույնպես հարցեր ունի, որոնք արդեն բարձրաձայնում է և պատասխաններ առաջին հերթին ակնկալում է ռուս խաղաղապահներից։
Երևանն ակնկալում է, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր․սա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի բաց տեքստով է խոսում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ձևակերպմամբ՝ առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին․
«Մեզ համար, անկեղծ ասած, հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ։ Ըստ էության, սա թերևս ամենակարևոր հարցն է։ Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո գտնվող տարածքում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ առաջխաղացումը, որովհետև փաստացի ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում։ Խոսքը շատ կոնկրետ էսկալացիոն գործընթացի մասին է»։
Աղաջանյանի տեղեկություններով՝ բացի Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, Ադրբեջանը զբաղեցրել է մի շարք դիրքեր՝ ձգտելով հասնել Քարագլուխ։ Այս բարձունքը ռազմավարական է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար՝ ասում է ԱԺ–ի «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը․
«Ադրբեջանը Փառուխում ներխուժումը ապահովելուց հետո տարբեր խմբերով շարժվել է Քարագլխի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամբողջական վերահսկողություն հաստատել բարձունքի նկատմամբ։ Այս պայմաններում դրա վերահսկողությունը կողմերի համար շատ կարևոր է։ Ադրբեջանական ստորաբաժանումները հնարավորություն չեն ունեցել ամբողջական վերահսկողություն այնտեղ ապահովելու։ Դա կանխվել է նաև ռուսական խաղաղապահների կողմից նաև այն պատճառով, որ հայկական համապատասխան ստորաբաժանումները Քարագլխի բարձունքին հասել են շատ ավելի արագ, քան ադրբեջանական ստորաբաժանումները, և Ադրբեջանին չի հաջողվել բարձունքում դիրքավորվել»։
44–օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում փոխանցել է իր տեղեկությունները, թե Խրամորթ գյուղում լարվածության առաջին փուլից հետո ռուս խաղաղապահներն են կողմերին առաջարկել դիրքերից հետ քաշվել՝ լարվածությունը թուլացնելու համար։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման քայլերը նորություն չեն.
«Հաճախ տարբեր հատվածներում, որտեղ դիրքերը շատ մոտ են, սադրանքների հնարավորությունն աճում է, ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ տեղի են ունենում լոկալ բնույթի որոշակի վերադիրքավորումներ, որի արդյունքում այդ լարվածությունը կնվազի։ Ենթադրում եմ, նմանատիպ մի իրավիճակ է եղել ձեր կողմից նկարագրված համատեքստում։ Ամեն դեպքում արձանագրվել է հետևյալը, որ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացումը, ըստ էության, տեղի է ունեցել՝ շրջանցելով ռուս խաղաղապահներին»։
Ադրբեջանի սանձազերծած սադրանքը այժմ Հայաստանին հիմք է տվել բարձրաձայնել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերի չկատարման կամ ոչ լիարժեք կատարման մասին․ եթե մի կողմը խախտում է հրադադարը, մյուս կողմը, ըստ փաստաթղթի, պատասխանատու է իր մանդատի տիրույթում գտնվող քաղաքացիների անվտանգության համար։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը ճշտում է՝ բարձրացրած հարցերը հակառուսական ուղղվածություն չունեն, պարզապես արձանագրում են փաստերը.
«Առնվազն սպառված չէ ռուս խաղաղապահների արդիականությունն այդ տարածքում, և մենք կարծում ենք, որ վերջինների հետ հնարավոր է, այնուամենայնիվ, լուծումներ գտնել և հասնել այն կետին, որպեսզի եռակողմ հայտարարության դրույթներից բխող պարտավորությունները բոլոր կողմերը իրականացնեն, այդ թվում՝ բնականաբար, ռուս խաղաղապահները»։
Այս ամենով հանդերձ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ հռչակված խաղաղության օրակարգին։ Ենթադրում են, որ «գազային ճնշումը», Բաքվի 5 կետանոց առաջարկները, հայկական կողմի լրամշակումները և հետագա սրացումները մեկ շղթայի մաս են, որով Ադրբեջանը փորձում է հեղինակազրկել խաղաղության օրակարգը։
Վերլուծական շրջանակներում սահմանային աճող լարվածությունը դիտարկում են որպես ռուս–ուկրաինական առճակատման ազդեցություն։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան․
«Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից և առնվազն ստեղծել ինչ–որ խնդրահարույց իրավիճակ ինչ–որ հարցեր թեկուզ լուծելու համար՝ շատ լավ պատկերացնելով, որ այդ հարցերը կարող են ունենալ միջազգային որոշակի լեգիտիմություն հենց Ուկրաինայում տեղի ունեցողի տրամաբանության շրջանակում։ Այսինքն՝ մի շարք ուժային կենտրոններ դեմ չեն լինի, եթե խնդիրներ առաջանան Ռուսաստանի համար։ Իսկ այստեղ խնդիրներ Ռուսաստանի համար, իհարկե, առաջանում են, որովհետև բնական հարցեր են առաջանում, թե Ռուսաստանն ինչու արդյունավետ չի կարողանամ իրականացնել իր խաղաղապահ գործունեությունը»։
Նման վերլուծություններ կան նաև Արևմուտքում։ «Ամերիկայի Ձայն»–ի փոխանցմամբ՝ Ռազմավարական և միջազգային հետազոտություների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Էնդրյու Լոհսենի կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը շեղում է Ռուսաստանի ուշադրությունը Ղարաբաղյան խնդրից.
«Չի բացառվում, որ Բաքուն փորձում է պարզել Մոսկվայի ուշադրության շեղման մակարդակը: Խաղաղապահ ուժերի պասիվության պարագայում այն հնարավոր է փորձի տարածքային հավելյալ նվաճումներ ստանալ ԼՂ-ում։ Ուկրաինայում այս ողջ պատերազմի ընթացքում Ռուսաստանը համակարգված քննադատում էր միջազգային կառույցներն ու անվտանգության շրջանակները՝ ներառյալ ԵԱՀԿ-ի հիմքերը: Ուստի, ցավոք, դժվարանում եմ տեսնել, թե ինչպես Ռուսաստանը կարող է արդյունավետ մասնակցել ցանկացած միջազգային հարթակի աշխատանքներին, ներառյալ Մինսկի խումբը»:
Վերլուծաբանների մյուս խումբն էլ կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն առանձնակի ակտիվություն պետք է ցուցաբերեն՝ խնդիրը միջազգային հարաբերությունների օրակարգում պահպանելու համար:
hy.armradio.am