Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր կրկին փորձել է առաջխաղացում ապահովել
Այսօր ժամը 11.00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով դիմել են համարժեք գործողությունների: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում: Ադրբեջանական սադրանքի հետևանքով երեկ վիրավորված պաշտպանության բանակի զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:
ԿԱՅԱՑԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված դրությունը Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի նախագահի հետ՝ իրավիճակը գնահատելով լարված: Նիկոլ Փաշինյանը հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ջանքեր գործադրել։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, ստեղծված հումանիտար խնդիրները ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ: Դեսպանը նաև հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ, ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, ընդգծել՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում կարևոր համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը։
ԱՄՆ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՍԱԴՐԻՉ
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգները. պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը այս և էսկալացիոն այլ միջոցները համարել է անպատասխանատու և սադրիչ: Ջալինա Փորթերը նշել է, որ պետքարտուղարությունը հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:
ՖՐԱՆՍԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵԼՄԱՆ ԴԻՐՔԵՐ
Արձագանք կա նաև Փարիզից: Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակում համաձայնեցված դիրքեր: Փարիզը նաև կոչ է արել «Լեռնային Ղարաբաղում վերականգնել մշտական գազամատակարարումը:
1lurer.am