Նրանք պետք է ներգրավում ունենան պետական կառավարման գործում. ՔՊ-ի ներկայացուցիչը իրենց ցուցակի գործարարների մասին
Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժ, որի ընտրական ցուցակում չլինեն գործարարներ: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ՔՊ-ից ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Շատ հաճախ համաշխարհային պատըմության մեջ գործարարները գնում են քաղաքականություն, բայց ՀՀ օրենքները դնում են որոշակի սահմանափակումներ: Ես անհնար եմ համարում, որ մեր ցուցակով պատգմավոր դարձած գործարարը շարունակի զբաղվել գործարարությամբ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ 2018-ի ընտրություններում իշխող ուժը հպարտանում էր, որ իրենց ցուցակում չկան գործարարներ, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Վստահաբար կային մարդիկ, որոնք փոքր բիզնես ունեին»:
Նա նկատեց, որ օրինակ ՀՀ-ում գործարարների՝ քաղաքականության մեջ ներգրավվածության դեմ ամենաշատ խոսող ուժը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, անցած ընտրություններում իր ցուցակում նույնպես ուներ գործարարներ. «Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ այն գործարարը, որ ընտրվում է պատգամավոր, մանդատը ստանալուց հետո այլեւս չպետք է զբաղվի գործարարությամբ»:
Հիշեցմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ գործարարները մեկ նպատակով են գնում խորհրդարան, որպեսզի ձայներ ապահովեն տվյալ կուսակցության համար, ՔՊ ներկայացուցիչն արձագանքեց. «Բոլոր այն գործիչներին, որոնց ընդգրկել ենք մեր ցուցակում, մենք վստահություն ունենք, որ նրանք պետք է որոշակի ներգրավում ունենան պետական կառավարման գործում եւ պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում»:
Հարցին, թե արդյոք գործրար Խաչատուր Սուքիասյանը իրենց փոխվարչապետի թեկնածո՞ւն է, նա պատասխանեց. «Նման հարցերը պետք է քննարկել ընտրություններից հետո, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե քաղաքացիները ում են ընտրում: Դրանից հետո միայն կարելի է մտածել կառավարության կազմի մասին»:
Նշենք, որ արդեն հայտնի է, որ ՔՊ ցուցակում են լինելու հայտնի գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: