Ադրբեջանի գործողությունները կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել. ՀՀ ԱԺ նախագահ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է, աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ ադրբեջանական կողմի վերջին գործողությունները կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել՝ Ղազախստանում հայտարարել է Ազգային ժողովի նախագահը: Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցող Սիմոնյանը գործընկերներին հիշեցրել է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Արցախի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այդ գործողությունները, այդ թվում՝ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը, հերթական անգամ հանգեցրել են մարդկային զոհերի: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր:
Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի պաշտպանության նախարարության հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացավ Բաքվի հակազդեցությանը՝ նշեց Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց նաև դեռ չլուծված հումանիտար խնդիրների՝ հայ ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցը: Օրհասական են մնում նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերը:
Ալեն Սիմոնյան- Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը, և առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ:
Իր ելույթում ԱԺ նախագահը հավաստիացրեց՝ մեր երկիրը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ կառույցի գործակցության ուժեղացման օգտին: Սիմոնյանը ներկայացրեց նաև վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը:
Ալեն Սիմոնյան - Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարևոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թևերի միջև փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձևավորումը:
Կարևորելով միջխորհրդարանական այս հարթակի զարգացումը՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ բազմակողմ գործակցության փորձի հարստացումն այսուհետ ևս կնպաստի ինչպես անդամների օրենսդիր մարմինների, այնպես էլ պետությունների միջև գործակցության զարգացմանը:
1lurer.am