Արմավիրում այսօր համամարզային շաբաթօրյակ էր: Շրջակայքը մաքրելու պարտավորությունը հիմնականում ստանձնել էին մարզային կառուցվածքային ստորաբաժանումներն ու կազմակերպությունները: Սարդարապատ համայնքի դպրոցականները մաքրել են համայնքով անցնող միջպետական ճանապարհի եզրերը: Աղբի մեջ ամենաշատը պլաստիկե տարաներ են ու պոլիէթիլենային տոպրակներ:

 Համամարզային շաբաթօրյակին արձագանքել են դպրոցները, համայնքապետարաններն ու տարածքային ենթակառուցվածքները: Անհրաժեշտ գործիքներն ու ավելն առած` դուրս են եկել մաքրելու շրջակայքը: Ամենաակտիվը դպրոցականներն են: Սարդարապատ գյուղի դպրոցում 2 օր է՝  շաբաթօրյակ էր՝ նախ ներսում, ապա՝ դրսում.

«Մենք ճանապարհի եզրերն ենք մաքրել»։

Բարձր դասարանցիների “բաժինը” համայնքի մուտքի ու ելքի ճանապարհներն են, միջին դասարանցիներինը՝ դպրոցի բակը:

Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Նարինե Սմբատյանը, գործից չկտրվելով, ասում է.

 «Մեր ժողովուրդը սովոր չէ իր ձեռքի աղբը աղբարկղում գցել, որտեղ պատահի թափում են, շատ հաճախ մեքենայից են նետում: Մենք երեխաներին սովորեցնում ենք, եթե տեսնում եք` աղբ են թափում, դուք վերցրեք, թեկուզ ընկերդ լինի, թող տեսնեն, ամաչեն, հաջորդ անգամ չկրկնեն»:

Աղբի մեջ ամենաշատը պլատիկե շշեր ու տոպրակներ են, դրանք գրեթե ծածկել են մշակովի հողատարածքները: Համայնքներում աղբը տարածվում է նաև քամու և շների միջոցով: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան.

 «Ինձ էլ է անհանգստացնում պոլիէթիլենային տոպրակների առկայությունը, բայց դրանք նկատելիորեն պակասել են՝ պարբերաբար մաքրման աշխատանքեր կատարելով: Ես ակնկալում եմ մեր բնակիչների ողջախոհությունը, որովհետև հաճախ այնպիսի դեպքերի ենք ականատես լինում, որոնք ուղղակի հիասթափեցնում են»:

Մարզպետը խոստանում է ավելի հաճախ կազմակերպել աղբահանությունը, չնայած դրա կողքին դեռ աղբավայրերի մշակման չլուծված հարցերն են։ Իսկ Սարդարապատի հուշահամալիր տանող ճամփեզրերը կանաչապատելու են՝ ասում է Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանը:

«Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն անցնում է մեր համայնքի 3 գյուղերով: Նախատեսել ենք ամբողջ ճանապարհին ծառեր տնկել, մի մասում արդեն տնկել ենք»:

Արմավիրի մարզպետն ու Արմավիր համայնքի ղեկավարը նկատել են` քաղաքում բնակիչներն ավելի պասիվ են մասնակցում շաբաթօրյակին, քան գյուղերում: Իսկ Սարդարապատի դպրոցի ուսուցիչները Սարդարապատ երգով ազդարարեցին շաբաթօրյակի ավարտը՝ չմոռանալով նաև.

«Սարդարապատը մեր տարածաշրջանի ամենահերոսական գյուղերից մեկն է: Այսօրվա մեր աշխատանքը հայրենասիրություն էր: Նաև ապրիլյան քառօրյա պատերազմի լուսաբացն էր այս օրը: Խոնարհումս բոլոր զոհված զինվորների հիշատակին»:

Հայրենիքը սկսվում է տնից, բակից ու փողոցից, ու այն սիրելը նաև մաքուր պահելն է։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն