Հայաստանի այս ու այլ լքված շենքեր առաջիկայում կարող են դառնալ հյուրանոց կամ արտադրամաս՝ պայմանով, որ բիզնեսը տրամադրվող պետական գույքի արժեքից 4 անգամ մեծ ծավալի գումար ներդնի: Կառավարության մշակած նոր նախագծով պետությունը պատրաստ է ոչ միայն գույք տրամադրել ներդրումների դիմաց, այլև ճանապարհ կամ այլ ենթակառուցվածք կառուցել: Այսպիսով գործադիրը ցանկանում է ներգրավել նոր ներդրումներ։

Կառավարությունն արդեն նախագիծը մշակել և քննարկման է դրել: Որպեսզի պետությունը բիզնեսին գույք տրամադրի կամ ենթակառուցվածք ստեղծի, անհրաժեշտ է, որ առնվազն 1 մլն դոլարի ներդրում արվի: Այդ պարագայում կառավարությունը ներդրման 20 տոկոսի չափով փող կծախսի ու բիզնեսին անհրաժեշտ ենթակառուցվածք կստեղծի:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ) - Պետության քայլը նաև մասնավորի համար է քայլ և երկուսի տեսանկյունից էլ դիտարկվում է փոխշահավետ գործընթաց: Սա պետություն-մասնավոր գործընկերության դասական օրինակ է: Իհարկե, խիստ պահպանողական ներդրողների համար դա որոշակի առումով ռիսկ է ներկայացնում, որովհետև վերջիններս կցանկանան ունենալ արդեն իսկ կայուն գործող ենթակառուցվածք, բայց, այնուամենայնիվ, նա, ով բացեց այդ ճանապարհը, հետագայում մյուսների համար ևս դաշտ է ստեղծելու:

Եթե ենթակառուցվածքների դեպքում կառավարությունը ներդրման 1/5-ի չափով էր աջակցում, տրամադրվող պետական գույքը կարող է ներդրման առավելագույնը 1/4-ի՝ այսինքն 25 տոկոսի չափ լինել: Գույքը կտրամադրվի սեփականության իրավունքով և կհամարվի գրավադրված հօգուտ պետության` մինչև տվյալ գույքի արժեքի վերադարձը, որոշակի ժամկետում վճարած հարկերի միջոցով:

Վիլեն Խաչատրյան -  Բայց, այնուամենայնիվ, այստեղ կարելի է տեսնել որոշակի ռիսկեր, որ գույքը վերցնելուց հետո ներդրումներ քիչ անեն, հետագայում մտածեն դրա սեփականաշնորհման, իրացման մասին և այլն: Այսպիսի հարցերը պետք է փորձել իրավական այնպիսի կարգավորումների դաշտ տանել, որպեսզի հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնեն, քանի որ մենք նման արատավոր փորձ ունեցել ենք, որ գույքը իր նպատակին հետագայում գուցե չի ծառայել կամ ներդրումները հետագայում չեն բավարարել, չեն բավականացնել և նախագծերը կիսատ են մնացել տարիներով:

Թեև կառավարությունը դեռ չի հաստատել այս նախագիծը, բայց ներդրումային տեսանկյունից գաղափարը բավականին գրավիչ է՝ կարծում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը: Ըստ պատգամավորի՝ սրա արդյունքում Հայաստանում կաճեն ներդրումները, կբարելավվեն ենթակառուցվածքները և, ի վերջո, պետական գույքն ավելի արդյունավետ կօգտագործվի:

Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ոչ արդյունավետ օգտագործվող գույքից, շինությունից կարող ենք ունենալ հյուրանոցային համալիր կամ արտադրամաս: Իսկ ենթակառուցվածքների ծրագրի շրջանակում, երբ ներդրողը իր հայեցողությամբ կամ իր կամքով այլ ինչ-որ մի տեղ ներդրում ցանկանա կատարել կարող է տվյալ դեպքում՝ ճանապարհաշինության, ջրի, էլեկտրաէներգիայի խնդրի կարող է դիմել այս ծրագրին:

Իհարկե, կան նաև պայմաններ, որ ներդրողը պետք է առնվազն 5 տարվա փորձառություն ունենա արտադրության կամ ծառայությունների ոլորտում, ինչպես նաև հարկային և վարկային լավ պատմություն:

Նախապատվություն է տրվելու ավելի մեծ ավելացված արժեք ստեղծող և արտահանման ուղղվածություն ունեցող ծրագրին: Հաշվի են առնվելու բնապահպանական նորմերի համապատասխանությունը: Գործարարները ծրագիրը դրական են գնահատում:

Սամսոն Գրիգորյան (գործարար) - Թե որքանով կարող է խթանել, դա ժամանակը ցույց կտա, քանի որ նոր գործիքակազմ է Հայաստանի համար, փորձառություն չկա նման գործիքակազմի, բայց կարծում եմ` կլինի խթանում, անպայման կլինի, որովհետև յուրաքանչյուր լավ գործիք, յուրաքանչյուր մեղմացուցիչ հանգամանք բիզնեսի համար` միանշանակ խթան է բիզնեսի աճի համար: Էս դեպքում կառավարությունը լուրջ շահագրգռվածություն է առաջացնում ներդրողների մոտ, այսինքն` ներդրողը, որոշակի գումար ներդնելով, դառնում է երկրում սեփականատեր, դա բավականին լուրջ խթան է իմ կարծիքով և հետևանքներ անպայման կունենա:

Ըստ գործարարի՝ պայմաններ սահմանելը ևս ճիշտ է, քանի որ դա կնվազեցնի ձախողման ռիսկը, բացատրում է, թե ինչու:

Սամսոն Գրիգորյան - Դա զերծ կպահի փչված, այսպես ասած, «փուչիկ» բիզնեսներից և կորուստներ չենք ունենա: Կարծում եմ` օրենքը ընդունվելուց հետո, երբ որ միս ու արյուն կստանա, արդեն գործարարը, իր հաշիվները անելով, կգա այն եզրակացությանը, թե որքան կարելի է ներդնել, ինչ ձևերով, ինչ քանակներով և ինչ սպասելիքներ ունենալ սրանից:

Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ ծրագիրն առաջին հերթին կնպաստի ներքին ներդրողների ակտիվացմանը, իսկ օտարերկրյա բիզնեսը սկզբնական շրջանում փոքր ինչ պահպանողական կլինի ու կուսումնասիրի տեղացիների ներդրումների ընթացքը:

Վիլեն Խաչատրյան - Կարծում եմ` սա կզարգացնի տուրիզմ, հնարավոր է զարգացնի նաև գյուղատնտեսական այն ռեգիոնները, որտեղ կա ճանապարհային խնդիր և այդտեղ ենթակառուցվածքային կապ ստեղծելու պարագայում հնարավոր է ջերմոցային տնտեսությունների ակտիվացում և բնականաբար, իսկ արտադրության տեսանկյունից լոգիստիկայի առումով փորձում են գտնվել մայրուղիների մոտ և այլն:

Ըստ հաշվարկների` ծրագրերի ընդունումը հնարավորություն կտա պետական աջակցության միջոցով տարեկան ավելի քան 150 մլն դոլարի ներդրում բերել: Ծրագիրն առաջիկայում կքննարկվի գործադիրում: 

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն