2022-ին լրանում է Երևանի և Հռոմի միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը: Հոբելյանական տարում տեղի է ունենում Իտալիայի գլխավոր դիվանագետի այցը:

Լուիջի Դի Մայոյի հետ հանդիպմանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևոր է համարել առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլերը:

Վարչապետը ներկայացրել է դիտարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Լուիջի դի Մայոն իր երկրի աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի և Եվրոպական խորհրդի նախագահի ջանքերին՝ միտված հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, հայ-թուրքական երկխոսության գործընթացին: 

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը քննարկել են նաև երկու երկրների արտգործնախարարները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Փառուխ և հարակից տարածքներ Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, ուշադրություն հրավիրել Արցախի էթնիկ զտմանը միտված Ադրբեջանի քաղաքականությանը, Արցախի բնակչությանը հոգեբանական ճնշումների ենթարկելու, ենթակառուցվածքները թիրախավորելու գործողություններին և ուժի կիրառման սպառնալիքներին:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) -Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Եվ այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Լուիջի Դի Մայո (Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար) - Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: Վերահաստատում եմ իմ երկրի համերաշխությունը հակամարտության բազմաթիվ զոհերի հարազատներին, Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը: Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծմանը: Լուծում, որը երաշխավորում է խաղաղության և կայունության հեռանկարը կովկասյան ամբողջ տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ամբողջ Եվրոպայի համար:

Արարատ Միրզոյանն իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ադրբեջանի հետ բանակցությունները՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Արարատ Միրզոյան - Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Միրզոյանն անհրաժեշտ է համարել պատերազմից հետո դեռևս չլուծված հումանիտար խնդիրների լուծումը՝ գերիների անհապաղ ազատ արձակումը: Մտահոգիչ է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, խիստ պահանջված է մնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը տարածաշրջան:

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը: Արտգործնախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը։

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Արցախի և նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձևերի համար:

Լուիջի դի Մայոյի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը, Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Դի Մայոն ողջունելի է համարել խաղաղության հաստատման ճանապարհով առաջ շարժվելու Հայաստանի ձգտումը:

Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ՝ Լուիջի Դի Մայոն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 1915-ի զոհերի հիշատակին:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն