Խաղամոլության դեմ պայքարն ու բուժման հնարավորությունները
Հեշտ փող աշխատելու ձգտումը կարող է դառնալ դժվար բուժվող հիվանդություն: Կախվածությունների բուժման ազգային կենտրոն 2020-ից մինչև օրս դիմել է 25 մարդ խաղամոլությունից բուժվելու համար: Մասնագետի խոսքով՝ այս թիվը չի արտացոլում երկրում առկա իրական պատկերը: Ազարտային, շահումով խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հիվանդություն-կախվածություն ունեն շատերը, բայց մասնագետի օգնության դիմում են քչերը:
Գևորգ Փաշիկյան (ԱՆ Հոգեբուժության և բժշկական հոգեբանության խորհրդատու) - Հիմնականում խորհուրդ հարցնում են հարազատները. ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ էլ չխաղա:
Փաշիկյանի գնահատմամբ՝ խաղամոլությունը ևս հիվանդություն է, որն առողջությունը քայքայելուց զատ՝ հարվածում է նաև գրպանին: 2020-ից Հայաստանում ներդրվել է սոցիալ-հոգեբանական ծառայություն՝ աջակցելու ոչ միայն նարկոլոգիական կախում ունեցողներին, այլև ազարտային խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակում ունեցողներին:
Գևորգ Փաշիկյան - Կա դեղորայքային, ոչ դեղորայքային, հոգեբանական բուժում և այլն:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ խաղամոլության դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե բացառվի դրանց գովազդը սոցիալական ցանցերում, փողոցներում:
Սուրեն Նազինյան (ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն) - ինչ նախաձեռնություն որ կա, իհարկե, օգուտ կտա, բայց պետք է գովազդը վերահսկել. մարդը չգիտի կայքը, բայց մտնում է, օնլայն բերում է, ու...
Վերջին 4-5 ամսվա ընթացքում երկու քաղաքացի դիմել է Կախվածությունների բուժման կենտրոն՝ պաթոլոգիկ հակում ունենալու տեղեկանք ստանալու համար, և այն ներկայացրել են բուքմեյքերական կետեր՝ իրենց օգտահաշիվները փակելու, խաղադրույք չընդունելու համար: Իսկ ընդհանուր առմամբ 2021-ի հունվար-նոյեմբերին մեր երկրում կատարվել է 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք:
1lurer.am