1-ին եռամսյակում ավելի քան 400 մլրդ դրամի հարկ և տուրք է հավաքվել
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավելի քան 400 մլրդ դրամի հարկ և տուրք է հավաքվել: Ցուցանիշը 20,3 տոկոսով ավելի է 2021-ի, 14,8 տոկոսով՝ 2020-ի, և 33,7 տոկոսով՝ 2019-ի համեմատ: Առաջին եռամսյակում նախատեսված էր հավաքել 395,4 մլրդ դրամ, այն գերակատարվել է 5,2 մլրդ-ով կամ 1.3 տոկոսով: Առաջին եռամսյակում արձանագրված ցուցանիշն աննախադեպ է՝ նշում է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ) - Աճը հիմնականում տեղի է ունեցել ընդհանուր հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվին: Եթե նայենք, 21 թվականի համեմատությամբ գերակատարված 67,7 մլրդ դրամից շուրջ 39 մլրդ դրամը բաժին է ընկնում շահութահարկին և ավելացված արժեքի հարկին:
Մասնագետների գնահատմամբ՝ հարկային եկամուտների աճը նաև տնտեսության ակտիվության մասին է վկայում: Եթե միտումը շարունակվի, ապա տարեվերջին ավելի լավ պատկեր կլինի:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Եթե նախորդ տարիների վիճակագրությունը նայենք, ապա այս ժամանակաշրջանը տնտեսության համար մեծ ակտիվությամբ աչքի չի ընկնում, հետևաբար մենք կարող ենք եզրակացնել, որ տնտեսվարողների համար, գործարար հատվածի համար բավականին լավ ուղերձ է, հետագա տնտեսական ակտիվությունը բարձր մակարդակում առաջ տանելու շրջանակում:
Նույն եռամսյակում Հայաստանում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով առևտրաշրջանառության ծավալը 1 տրլն 947 մլրդ դրամ 851 մլն դրամ է եղել, իսկ գործարքների քանակը՝ 128 մլն 805 հազար: Ե՛վ գումարի, և՛ գործարքների քանակը նախորդ 3 տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դարձյալ աճել է: Կարեն Թամազյանի խոսքով՝ սրան նպաստել է նաև վերջին շրջանում ակտիվություն ցուցաբերած զբոսաշրջության ոլորտը:
Կարեն Թամազյան - Եթե նայենք, մնացած ոլորտներում քանակով գործարքների աճը կազմում է շուրջ 8 տոկոս, գումարային՝ շուրջ 30 տոկոս, իսկ զբոսաշրջությանը առնչվող հանրային սննդի և հյուրանոցային տնտեսությունների ոլորտում քանակի աճն արդեն 27 տոկոս է, գումարի աճը՝ շուրջ 43 տոկոս: Այսինքն՝ ակնհայտ է, որ հենց էս ոլորտներում էական աճ է տեղի ունեցել»:
Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից բավականին մեծ քանակով քաղաքացիներ են ժամանել Հայաստան: Այցելուները հիմնականում վճարունակ են՝ նշում է Սոս Խաչիկյանը:
Սոս Խաչիկյան - Այսինքն՝ ժամանել են հիմնականում բարձր եկամուտ ունեցող մասնագետներ, և այդ եկամուտ ունեցող մասնագետների ներգրավվածությունը մեր տնտեսական ակտիվության մեջ, առևտրաշրջանառության մեջ, բնականաբար, բերել է հավելյալ արդյունք»:
Պետական եկամուտների կոմիտեից վստահեցնում են՝ առկա միտումները պահպանելու պարագայում պետական բյուջեով նախատեսված 1 տրլն 844 մլրդ դրամը կկարողանան հավաքագրել:
1lurer.am