Երևանի երկու բնակիչներին մարմնական վնասվածքներ պատճառելու համար հետախուզման մեջ գտնվող անձն ինքնակամ ներկայացել է իրավապահներին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևան քաղաքի երկու բնակիչների մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:
2022 թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին և 21:10-ին, «կտրած վերք» ախտորոշումներով տարբեր բժշկական կենտրոններ էին դիմել Երևան քաղաքի 22 և 33 տարեկան բնակիչներ:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված անձանց՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 46 տարեկան:
Քննությամբ պարզվել է, որ տուժողները մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում՝ անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ 46-ամյա տղամարդն իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նախ 33-ամյա տղամարդուն՝ պատճառելով ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած, թիկունքի կտրած վերքերի, այնուհետև՝ 22-ամյա երիտասարդին՝ պատճառելով որովայնի առաջային պատի կտրված վերքի ձևով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, 46-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով, հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել էր կալանավորումը:
Օրերս վերջինս ինքնակամ ներկայացել է իրավապահներին, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մեղադրյալի մասնակցությամբ կրկին քննարկելու և վերահաստատելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1lurer.am