Նախատեսվում է թղթային դեղատոմսերը փոխարինել էլեկտրոնայինով․ հակաբիոտիկների վաճառքը կվերահսկվի
Նախատեսվում է դեղատոմսերի թղթային տարբերակը փոխարինել էլեկտրոնայինով: Նախագծի հեղինակներն այս կերպ փորձում են ոչ միայն հեշտացնել դեղերի դուրս գրման գործընթացը, այլև վերահսկել հատկապես հակաբիոտիկների անհարկի կիրառումը քաղաքացիների շրջանում:
Պոլիկլինիկաների դեղատան աշխատակիցները պահեստավորված դեղորայքը հիվանդներին տրամադրում են միայն դեղատոմսերով, որոնք գրում և կնիքներով հաստատում են պոլիկլինիկայի բժիշկները: Դեղատոմսերը գրանցվում ու հաշվառվում են, օրական պոլիկլինիկայի դեղատնից անվճար դեղորայք են ստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Պետության տրամադրած անվճար, հոգեմետ ու հումանիտար դեղորայքից, պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում ներքին շրջանառության համար կիրառվող առողջապահության նախարարության հաստատած դեղատոմսերից բացի, այլ նմուշի դեղատոմսեր չկան, ընդունված են նաև բժիշկների տրամադրած ձեռագիր դեղատոմսերը, որոնք նախատեսված են միայն նշանակված դեղորայքը ձեռք բերելու համար: Շատ հաճախ քաղաքացիները դեղատներ են այցելում առանց հետազոտման ու պահանջում են իրենց նախընտրած կամ ծանոթ-բարեկամի խորհուրդ տված դեղահաբերը:
«Համարյա բոլոր դեղերն ազատ վաճառքի են, այսինքն՝ հիվանդն ինքը կարող է գա վերցնի իր նախընտրած պրեպարատը, կարող է մեզանից խորհուրդ հարցնեն և վերցնեն, խիստ սահմանափակում, բացի հոգեմետ պրեպարատներից, այս պահին չկա»,- ասում է դեղատան աշխատակից Աիդա Խաչատրյանը։
Վերջին տարիներին հակաբիոտիկների խմբի դեղորայքի անհարկի օգտագործման պատճառով նվազել է որոշ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետությունը: Առանց բժշկի նշանակման ինքնակամ հակաբիոտիկների օգտագործումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Չարաշահումներ նկատվեցին հատկապես կորոնավիրուսային համավարակի ժամանակ։
«Կայունություն է առաջանում անտիբիոտիկների նկատմամբ, ու էստեղ նաև վտանգ կա, որ եթե էս տեմպով մենք շարունակենք, մի քանի տարի հետո նույնիսկ սովորական վերքերը բուժելիս արդեն դեղերը չեն օգնի, որովհետև ամեն պատահած, հասարակ հիվանդության ժամանակ մարդիկ օգտվում են անտիբիոտիկներից ու արգելք չկա»,-նշում է Գյումրիի Գ․Նարեկացու անվան պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
2017-18 թվականներին հակաբիոտիկների ազատ վաճառքը սահմանափակող օրենքն ընդունվեց, բայց կիրառություն չունեցավ: Քաղաքացիները դեղատներից անարգել ձեռք են բերում անգամ ամենաբարձր դոզավորման հակաբիոտիկ ու ընդունում առանց բժշկի ցուցումների:
Հենց հակաբիոտիկների վաճառքը կանոնակարգելու, վերահսկելու և որոշ դեպքերում արգելելու համար նախատեսվում է թղթային դեղատոմսերը փոխարինել էլեկտրոնային տարբերակով, որի դեպքում կհեշտացվի նաև բժիշկների աշխատանքն ու կնվազեցվեն անհարկի գրագրությունները:
Երկու ամսվա ընթացքում էլեկտրոնային դեղատոմսի ծրագիրը կփորձարկվի Երևանի և մարզերից մի քանի բուժհաստատություններում, իսկ մինչև տարեվերջ այն կներդրվի Հանրապետության ամբողջ տարածքում: Համակարգ մուտքի հնարավորություն կունենան բժիշկները, դեղատների աշխատակիցները և վերահսկող տեսչական մարմինը: Առանց դեղատոմսի վաճառված յուրաքանչյուր անուն դեղի համար դեղատան նկատմամբ կկիրառվի 5000 դրամ տույժ:
Shantnews.am