Նախկին գլխավոր դատախազն ընդգրկվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակում
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում այս պահի դրությամբ 103 թեկնածու կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը, ով քիչ առաջ ԿԸՀ ներկայացավ։
Անի Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց ցուցակի առաջին տասնյակը, որը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը։ Ցուցակում ներգրավված են նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը և «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը։
Հարցին՝ ցուցակում գործարարներ կա՞ն, Անի Խաչատրայնն ասաց. «Ոչ, չունենք գործարարներ»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ի հետ համագործակցություն պատկերացնու՞մ են, Անի Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից և հետագա ընթացքից. «Առհասարակ խորհրդարանական մոդելն իր մեջ կոալիցիա է պարունակում։ «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կան ուժեր, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառված են։ Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած ոճրագործություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել»,-նշեց Անի Խաչատրյանը։
Վերջինս հավելեց, որ իրենք գնում են ընտրությունների՝ հաղթելու համար։