Գազել մակնիշի 63 միկրոավտոբուսները նախորդ տարվա հուլիսից ներկրվեցին Գյումրի: Այն սուբվենցիոն ծրագրում ընդգրկվեց որպես համայնքային խիստ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր։ Տրանսպորտային ցանցի շահագործման համար կարևոր՝ 900 միլիոն դրամ արժողության միկրոավտոբուսները մոտ մեկ տարի է կայանած են մնում, երթուղիների սպասարկումը հին տրանսպորտային միջոցներով է:

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի նորանշանակ պաշտոնակատարը հետաձգումները բացատրում է տեխնիկական խնդիրներով, նախատեսում են  երթուղայիններում տեսախցիկներ ու վճարման համար նախատեսված համակարգեր տեղադրել:

«Երևանում արդեն կան նման համակարգեր տեղադրված, ես մեր աշխատակիցների հետ միասին գնացել տեսել եմ, հիմա բանակցությունները գնում են։ Արդեն մրցույթը հաստատ հայտարարվել է, որպեսզի միկրոավտոբուսներում տեսախցիկներն ու դրամարկղերը տեղադրենք»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի  Ղազարյանը։

Մեկ տարի դրսում կայանած միկրոավտոբուսներում, ամեն դեպքում, անսարքություններ ու խնդիրներ չեն առաջացել, հավաստիացնում է տրանսպորտի բաժնի պատասխանատուն: Ամբողջ ձմեռ աշխատակիցները մեքենաների շարժիչները ժամանակ առ ժամանակ աշխատեցնելով էին զբաղված:

Միկրոավտոբուսային պարկի շինարարությունը սկսվել է անցած տարվանից։ Մետաղական կոնստրուկցիաներով երկու անգարները միկրոավտոբուսների համար կծառայեն որպես փակ ավտոկայանատեղիներ: Այժմ շինարարները միկրոավտոբուսների մուտքի և ելքի համար բետոնյա հենասյուներով թեքահարթակներ են կառուցում:

Տրանսպորտի բաժինը զբաղված է նաև պարկի աշխատակազմի ձևավորման հարցերով: Մոտ երկու ամիս առաջ ավագանու որոշմամբ ստեղծվեց «Գյումրիի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը, հաստատվեց կանոնադրությունն ու հաստիքացուցակը: Նոր ընկերությունը կունենա 233 աշխատակից, միկրոավտոբուսների վարորդները կստանան 200 հազար դրամ աշխատավարձ: Մոտ 200 դիմումատու վարորդնրեից կընտրեն այն 130-ին, որոնք ունեն D կարգի վարորդական իրավունքի վկայական:

«D կատեգորիայի վարորդական վկայական մեր քաղաքում շատ քչերն ունեն, առանց  D  կատեգորիայի մենք չենք կարող վարորդներին ընդունել աշխատանքի։ Դրանից հետո նոր մենք կուսումնասիրենք դիմումները, նաև ուշադրություն կդարձնենք  դիմումատուների ստաժներին»,- SHANTNEWS.am-ի հետ զույցում նշել է տրանսպորտի բաժնի պատասխանատուն։

Տրանսպորտի բաժնում դեռ մշակվում են նոր երթուղիների չվացուցակներն ու ժամատախտակները: Մինչ այս նախատեսված 9 երթուղու փոխարեն քաղաքը կունենա 7 -ը, բայց այս դեպքում հանրային տրանսպորտի ուղղությունները կփոխվեն:

Ուղևոր վերցնելու համար վարորդների միջև մրցավազքն ու վազանցները ևս խոստանում են բացառել: Այս դեպքում օրվա պիկ ժամերին կնվազեցնեն  միկրոավտոբուսների երթուղի դուրս գալու ժամանակային տարածությունը, կավելացնեն տրանսպորտային միջոցների թիվը: Բոլոր գործընթացներով հանդերձ հանրային տրանսպորտի խնդիրը պատասխանատուները խոստանում են կարգավորել, թեև հստակ ժամկետներ էլի չեն նշում:

«Այս տարվա ընթացքում պարտադիր նոր միկրոավտոբուսները դուրս կգան երթուղի, բայց կոնկրետ որ նշեմ, էս ինչ ամսին, էս ինչ օրը, դա չեմ կարող ես հիմա ասել»,- ավելացնում է Գեորգի Ղազարյանը։

Հստակ է, որ 1-2 ամսվա ընթացքում կավարտվի ավտոպարկի շինարարությունը, կհասցնեն միկրոավտոբուսների մեջ տեղադրել տեսախցիկներն ու դրամարկղերը: Անկախ քաղաքի փողոցներում ընթացող շին աշխատանքներից, նոր միկրոավտոբուսները դուրս կգան երթուղիներ։











Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն