«Արդար Հայաստան» կուսակցության ցուցակում 85 թեկնածու կա. Ցուցակը գլխավորում է Նորայր Նորիկյանը
«Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում 85 թեկնածու կա։ Նախընտրական ցուցակը կհրապարակեն երեք օրվա ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Կարապետյանը։
Նա նշեց, որ նախընտրական ցուցակում վստահաբար կտեսնեք հայտնի անուններ։ Ցուցակում ներգրավվել են պրոֆեսորներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, լեզվաբաններ, մանկավարժներ, դիվանագետներ, քաղաքագետներ։
Հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում են, Դավիթ Կարապետյանն ասաց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց մինչ այս պահը որևէ դաշինք չեն կազմել և ընտրություններին մասնակցելու են առանձին։
«Մեր շանսերն ուղիղ համեմատական են գիտակից ընտրության հետ։ Շանսերը շատ բարձր ենք գնահատում, մարտական ենք տրամադրված, վճռական ենք և հասկանում ենք՝ ինչի համար ենք մասնակցում։ Գտնում ենք, որ մենք այն կուսակցությունն ենք, որը պետք է հնարավորություն ունենա ժողովրդի համար անելու այն, ինչը ժողովուրդն ակնկալում է»,-նշեց Դավիթ Կարապետյանը։