ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախի Սահմանադրությանը դեմ գնալու համար, նկատի ունենալով կարգավիճակի հարցում դիրքորոշումները: Այդ մեղադրանքը, որ նա անհնազանդության ակցիա իրականացնող ընդդիմության անունից ներկայացնում էր նախօրեին կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանի արդեն հայտնի դրվագում, նախ հակասության մեջ է նույն ընդդիմության բարձրաձայնած մեկ այլ «մեղադրանքի»: Մասնավորապես, անհնար է Փաշինյանին մեղադրել պատերազմը չկանգնեցնելու համար, հետո մեղադրել՝ Արցախի Սահմանադրությունը կարգավիճակի հարցում խախտելու համար: Որովհետև, Նիկոլ Փաշինյանը հենց կարգավիճակի հարցում հայկական նշաձողը պաշտպանելու քաղաքականություն էր վարում 2018-ից հետո, մասնվորապես երբ Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստում դիմում էր Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի նրանք պարզաբանեն մադրիդյան կոչված սկզբունքները, որպեսզի դրանք չտան հայկական և ադրբեջանական «յուրովի» մեկնաբանությունների առիթ: Իսկ ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքները՝ որոնք իբրև բանակցության հիմք 2007 թվականի դեկտեմբերին ընդունել է դրանից էլ տարիներ առաջ Ադրբեջանի ու Արցախի Ընդհանուր պետության« տարբերակն ընդունած նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ենթադրում էին կարգավիճակի «ստորադասում» այսպես ասած տարածքային ամբողջության սկզբունքին:

Հայաստանում 2008 թվականին տեղի ունեցած Մարտի 1-ը ըստ էության զրկեց Սերժ Սարգսյանին այդ սկզբունքներից ձերբազատվելու հնարավորությունից: Դրա մի փորձն էլ ձախողվեց այդ թվում նաև Արմեն Ռուստամյանի ներկայացրած ուժի՝ ՀՅԴ «ջանքով», երբ Դաշնակցությունը աշխուժորեն մասնակցեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը խանգարելու գործողություններին: Սերժ Սարգսյանը փորձում էր այդ գործընթացով շրջանցել «մադրիդյան սկզբունքները», թեև այդ շրջանցելու ջանքն իր հերթին իհարկե պարունակում էր ռիսկեր և հեռանկարային խնդիրներ: Սարգսյանը սակայն, հետահայաց դիտարկելով պրոցեսը, թերևս ակնկալում էր թեկուզ դրանց գնով կանգնեցնել կամ փոխել այն մեխանիզմը, որ մադրիդյան սկզբունքների տեսքով Հայաստանի տակ միացվել էր 2007 թվականից:

Ընդ որում, մեկ այլ հարց այն, թե ինչու՞ իշխանությունից մի քանի ամիս անց հեռանալ պատրաստվող Ռոբերտ Քոչարյանը չփորձեց օգտագործել այդ հանգամանքը և թողնել հարցը Սերժ Սարգսյանի նախագահությանը, նրա նախագահությունը «մադրիդյան սկզբունքների» փաստի առաջ թողնելու փոխարեն: Թե՞ պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանն էլ չհամաձայնեց ուժի մեջ թողնել իշխանության անցման Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը և պայքարել իշխանությունը նրանից ամբողջապես վերցնելու համար: Այժմ, Նիկոլ Փաշինյանին Արցախի Սահմանադրության դեմ գնալու համար մեղադրող Արմեն Ռուստամյանը մեղադրու՞մ է արդյոք 2019 թվականի մարտի 12-ին Հայաստան-Արցախ ԱԽ-երի համատեղ նիստում նրա կողքին նստած, նաև 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում նրա կողքին կանգնած Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախի սահմանադրությունը խախտելու համար, թեկուզ այդ ընթացքում որևէ անգամ որևէ վտանգի մասին լռություն չխախտելու համար:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն