Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում Պուտինի հետ հանդիպումից հետո հրապարակված համատեղ՝ հայտնի 30 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ կար նաեւ Ռուսաստանում հայկական սփյուռքի ներուժին: Այդ բաղադրիչին անդրադարձա առանձին հոդվածով եւ տվյալ պարագայում հիշեցման առիթն այլ է: Մասնավորապես, առիթը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական փուլն է, որի ամփոփիչ նիստը տեղի ունեցավ մայիսի 3-ին Վաշինգտոնում եւ որի առիթով ԱՄՆ աշխատանքային այց կատարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ունենալով ներկայացուցչական հանդիպումներ, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի ամփոփիչ նիստի արդյունքով արվեց համատեղ հայտարարություն, որում անդրադարձ կար երկկողմ հարաբերության բազմաբնույթ շերտերի ու հեռանկարներին, որտեղ սակայն, կարծես թե բացակայում էր հայ-ամերիկյան հարաբերության համար կարեւորագույն մի օղակի՝ ամերիկահայ սփյուռքի գործոնի եւ դերի հիշատակումը: Մինչդեռ, Միացյալ Նահանգների դիվանագետներն իրենք պարբերաբար մատնացույց են արել սփյուռքի գործոնը, ամերիկահայությանը համարելով Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերության խորացման հարցում կարեւոր գործընկեր: Իհարկե այստեղ ընդհանրական բնորոշումների խորքում կա ամերիկահայ սփյուռքի բազմաշերտությունը եւ անգամ բազմաբեվեռությունը, դրանից բխող թե հնարավորություններով՝ իհարկե, եւ թե լրջագույն խնդիրներով: Սակայն կասկածից վեր է, որ ամերիկահայ սփյուռքը իսկապես առանցքային գործոն է հայ-ամերիկյան հարաբերության խորացման հեռանկարի համար, հատկապես հաշվի առնելով նաեւ այն բարդ աշխարհաքաղաքական միջավայրը եւ դրանից բխող խնդիրները, որ առաջանում են Հայաստանի համար ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության համատեքստում: Առիթ ունեցել եմ գնահատելու, որ այդ պայմաններում, սփյուռքը կարող է լինել Հայաստանի «փափուկ ուժը» ԱՄՆ հետ հարաբերությունը սահուն խորացնելու համար: Այստեղ ամբողջ հարցն արդեն այդ սփյուռքի հետ աշխատանքի կարողությունն ու հնարավորությունն է, հաշվի առնելով մինչեւ անգամ այդ սփյուռքի «քաղաքական գունապնակը», որում մի էական մաս է կազմում Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանության հետ լրջագույն տարաձայնություն ունեցող սեգմենտը, որը բավականին ազդեցիկ է:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի համար կարեւոր խնդիր է ամերիկահայ սփյուռքի ներուժի գեներացման իմաստով վեր հանել դրա երիտասարդ շերտը, որն աչքի է ընկնում համաշխարհային նոր իրողությունների հանդեպ ավելի ընդգրկուն եւ խորքային պատկերացումներով եւ ընկալումներով եւ առավել պատրաստ է ռացիոնալ աշխատանքի, անգամ քաղաքական տարբեր պատկերացումներ ունենալու պարագայում, աշխատանքի ընդհանուր ռացիոնալ հայտարարներ ձեւավորելու դեպքում: Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակի առումով իհարկե ամենեւին պարտադիր չափանիշ չէ սփյուռքի կարեւոր բաղադրիչի արձանագրումը, սակայն թերեւս խիստ անհրաժեշտ է դրա աշխատանքային ներառումը հարաբերության գործընթաց, կամ ներառվածության ընդլայնումն ու արդիականացումը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն