Ռուսական կարտոֆիլի նոր սորտեր են փորձարկվում Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում
15 տոննա կարտոֆիլը՝ ներկրված Ռուսաստանի Դաշնությունից, Գյումրիի սելեկցիոն կայանի դաշտերում է առաջին փորձարկումն անցնելու։ Նախորդ տարիներին կարտոֆիլի սերմարտադրության նման նախադեպ ունեցել են։ Բերվում են այն տարածաշրջաններից, որոնց բնակլիմայական պայմանները քիչ թե շատ նմանություն ունեն մեր մարզի հետ։
Նոր սորտերը ՌԴ-ի Լորխի ինստիտուտից են բերվել։ Յուրաքանչյուրից 3-4 տոննա ցանվելու է։ Կարտոֆիլի սերմի պահանջարկը շատ մեծ է։
«Մեր տարածաշրջանում ավելի լավ գնում են միջահաս սորտերը, բայց, քանի որ Արարատյան դաշտավայրին անհրաժեշտ են վաղահաս սորտերը, բերել ենք սուպեր էլիտա կամ էլիտա վերարտադրության, որպեսզի ստանանք էլիտա կամ առաջնային վերարտադրության վաղահաս սորտ։ Դրանցից մեկը իմպալան է»,- նշում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վասպուրական Մելիքյանը։
Կարտոֆիլը պարենային մթերքներից ամենաշատ սպառումն ունի, համարվում է երկրորդ հաց, և դրանով է պայմանավորվում մշակաբույսի համակարգային սերմարտադրության անհրաժեշտությունը։ Ներկրվող սերմերից առավել բարձր վերարտադրության սերմեր են ակնկալում ստանալ սկզբից քիչ ծավալով, հետո՝ ունեցած ռեսուրսների հիմքով ավելացնել։
«Այս տարի մենք ներկրել ենք ևս 18 անուն սորտեր, նորից իրականացվել են սորտափորձարկումներ։ Այս սորտերը, եթե ցույց տվեցին բավարար և լավ արդյունք, ընդգրկվելու են սերմարտադրության ցիկլի մեջ»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Կարտոֆիլին տրվում է օրգանական ջրալույծ պարարտանյութ և այն սկզբնական փորձարկվում է փոքր մարգերում։ Սելեկցիոն կայանի գիտական բաժնի ղեկավարը նաև նշում է, որ ջրալույծ պարարտանյութեր կիրառում են ոչ միայն կարտոֆիլի, այլև մյուս բոլոր մշակաբույսերի դեպքում։
«Ազոտական սելիտրան՝ գրանուլացվածը, չենք տալիս, որոնք որ ֆոսֆոր պարունակող են։ Բացում ենք, լուծույթ ենք պատրաստում և սրսկիչով սրսկում դաշտերին»,- ասում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի ղեկավար Ռիմա Մուրադյանը։
Ներկրված կարտոֆիլի նոր սորտերը՝ ըստ մասնագետների, նաև չորադիմացկուն են։ Նախորդ տարի չորային կլիմայի պայմաններում դարձյալ ՌԴ-ի նույն տարածաշրջանից բերված սորտերը բավարար արդյունք են ցույց տվել։
Այս տարի գյուղատնտեսների համար խնդիր էր հացահատիկային սերմացուի ձեռք բերումը։ Հիմնականում տեղի ֆերմերները գյուղացուն այն թանկ գնով են առաջարկում, որը ձեռնտու չէ հողագործին։ Սպասվում է, որ կարտոֆիլի սերմացուի պահանջարկը այս տարի ավելին կլինի։
Տեղում հացահատիկային մշակաբույսերի նոր սորտեր ստանալու համար ևս նյութատեխնիկական, հողային ռեսուրսները լիովին բավարար են, իսկ որակյալ սերմացուի պահանջարկը միշտ կա։
«Մենք միջինն ունենք 60․000 հա աշնանացան ցորենի ցանքատարածություն, որի համար մեզ տարեկան 20 հազար տոննա սերմ է պետք, սերմի պահանջարկ կա, սերմի պահանջարկի համար մենք ունենք բավարար ռեսուրսներ Հանրապետությունում, պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ, որ կարողանանք ապահովել»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
«Գարնանացան ցորենի խնդիրը մեր մարզում միշտ էլ եղել է, որովհետև գարնանացան ցորենը չի մշակվում կամ շատ քիչ է մշակվում։ Հիմա Գյումրիի սելեկցիոն կայանը նորից խնդիր է դրել, որպեսզի կարողանանք որոշ չափով նաև ապահովենք գարնանացան ցորենի սերմացուն»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Վասպուրական Մելիքյանը։
Գյումրիի սելեկցիոն կայանի բաժնում 5 հեկտար գարնանացան ցորենի ցանք կա, կայանն աշխատում է ապահովել գարնանացան ցորենի ծավալը։ Իսկ նոր փորձարկվող կարտոֆիլի արդյունքները մասնագետները կամփոփեն աշնանը, լավ վերջնարդյունք ունենալու պարագայում տեղում կսկսեն սորտերի վերարտադրություն։
ShantNews.am