Նոր գույք Ախուրյան համայնքի նորակառույց մանկապարտեզներին
Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզները FCN բարեգործական կազմակերպության և «Փարոս» հիմնադրամի կողմից համալրվել են խոհանոցային, ննջասենյակի և խաղասենյակի գույքով։
Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանն ու FCN հիմնադրամի համահիմնադիր Կարինե Աբուլյանն այցելել են Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզներ։ Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։
Հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ, նախակրթարանների առողջ սննդի ապահովմամբ, խաղահրապարակների կառուցմամբ:
Այցի ընթացքում հիմնադրամի համահիմնադիրը ծանոթացել է նորաբաց մանկապարտեզների աշխատանքներին, շփվել երեխաների հետ ու ևս մեկ անգամ համոզվել, որ իրենց ներդրումները ծառայում են ըստ պատշաճի:
Կարեն Արշակյանը և Կարինե Աբուլյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի՝ հիմնադրամը կաջակցի նաև Մարմաշեն, Լեռնուտ և Կրաշեն բնակավայրերի նորաբաց մանկապարտեզների գույքի ձեռք բերման հարցում: