Կնոջ մոտ սեռական հակման (լիբիդոյի) կորուստ
Կնոջ մոտ սեռական հարաբերության նկատմամբ ցանկությունը կամ լիբիդոն կարող է նվազել տարաբնույթ պատճառներով։
Սեռական հարաբերության նկատմամբ ցանկությանն այլ կերպ անվանում են «սեռական հակում» կամ «լիբիդո»։ Լիբիդոն կարող է նվազել կյանքի տարբեր իրավիճակներում, սակայն կարող է նաև ընդհանրապես կորել։
Կնոջ մոտ լիբիդոյի կորստի մասին խոսք է գնում այն դեպքում, երբ այն կրում է մշտական բնույթ և բերում է սեռական զուգընկերոջ հետ սեռական և առօրյա շփումներում տարբեր անախորժությունների և հակասությունների։
Ձեր լիբիդոն կարող է աճել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են փոխհարաբերություններից և շփումներից հաճույք ստանալը, մարմնական և հոգեկան առողջ վիճակը, սոցիալական բարեկեցիկությունը, արձակուրդները և մարմինն ու մտքերը «թուլացնող» երևույթները։
Հակառակը, ձեր լիբիդոն կարող է նվազել կյանքի տարբեր իրավիճակներում՝ փոխհարաբերություններում և շփումներում խնդիրների կամ հակասությունների առկայություն, երեխայի ծնունդ, սթրես, ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվածություն կամ անձնական խնդիրներ։
Կնոջ սեռական հակումները նվազեցնող ֆիզիկական պատճառներից են՝
• հեշտոցի չորություն
• ցավոտ սեռական ակտ
• սեռական գրգռման հետ կապված դժվարություններ
• որոշ դեղերի ընդունում (օրինակ՝ տագնապամարիչներ, քնաբերներ և հակադեպրեսանտներ)
• ուղեկցող առողջական խնդիրներ
• դաշտանադադար կամ նախադաշտանային համախտանիշ
• համակցված հակաբեղմնավորիչ օրալ հաբերի ընդունում
• ալկոհոլի չարաշահում կամ թմրամիջոցների օգտագործում
• հղիություն, ծննդաբերություն կամ կրծքով կերակրում։
Դրանց կողքին, կան կնոջ սեռական հակումները թուլացնող հոգեբանական գործոններ, որոնցից են՝
• սթրես
• անհանգստություն կամ տագնապ
• դեպրեսիա և հիասթափություն
• մեծ կորուստ կրելը
• աշխատանքից ազատում (կամ հեռացում)
• բաժանություն
• իր կամ իր զուգընկերոջ մոտ առողջական խնդիրների առկայություն
• սեռական զուգընկերոջ մոտ սեռական ակտիվության փոփոխություններ
• սեփական մարմնի վերաբերյալ վատ կարծիք
• գերհոգնածություն և գերհյուծված վիճակ
• փոխհարաբերությունների և շփումների հետ կապված խնդիրներ
• անցյալում անցանկալի սեռական հարաբերությունների փորձ (սեռական ոտնձգություններ, բռնաբարություն)։
Զրուցեք այդ մասին
Եթե նկատել եք ձեր սեռական ցանկությունների անկում, զրուցեք այդ զգացողությունների մասին ձեր սեռական զուգընկերոջ հետ (կամ, ծայրահեղ դեպքում՝ ձեր ընկերուհու հետ)։ Ձեզ անհանգստացնող թեմաներով նման զրույցից խուսափելը կարող է ավելի խորացնել առկա սեռական խնդիրները՝ դրանց վերականգնումը դարձնելով ավելի դժվար։
Եթե դուք զգում եք, որ չեք համարձակվում սեռական հարաբերության վերաբերյալ զրույց նախաձեռնել, փորձեք ձեր զուգընկերոջը հարցնել, թե նա ձեզ հետ սեռական փոխհարաբերություններում ինչպիսի զգացողություններ կամ խնդիրներ է նշում, ինչն է հավանում և ինչը՝ ոչ։ Բոլոր դեպքերում ձեր զուգընկերոջը վստահեցրեք, որ դուք շարունակում եք սիրել նրան և նրա հետ ինտիմ շփումներից հաճույք եք ստանում։
Խորհուրդներ լիբիդոյի կորստի դեպքում
Կան տարբեր, այդ թվում՝ ֆիզիկական և հոգեբանական գործոններ, որոնք կարող են թուլացնել ձեր սեռական հակումները։ Սակայն պետք է նաև իմանալ, որ սեռական հարաբերությունը միայն բուն սեռական ակտը չէ։ Եթե ձեր լիբիդոն նվազել է, դուք կարող եք փորձել սեռական գրգռման ցանկալի վիճակին հասնելու որոշ, ավելի զգայական մեթոդներ, օրինակ՝
• մեկմեկու մարմինները շոյելը
• միասին լոգանք կամ ցնցուղ ընդունելը
• միմյանց մերսելը
• միմյանց ավելի դանդաղ համբուրելը
• միմյանց մարմնի զգայուն շրջանները համբուրելը
• միմյանց հագուստը հանելը։
Որոշ դեղեր նույնպես կարող են նվազեցնել ձեր լիբիդոն։ Եթե դուք անհանգստացած եք, որ ձեր ընդունած դեղերը կարող են բերել նման վիճակի, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։