Օձե՞րն են «անհանգստացնում» մարդկանց, թե՞ մարդիկ՝ օձերին․ ի՞նչ անել, եթե սողունի եք հանդիպել
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման հետ ավտիվացել են նաև օձերը։ ԱԻՆ–ում օրական մի քանի անգամ ահազանգ են ստանում բնության մեջ, անգամ բնակարաններում օձերի հայտնաբերման մասին։ Նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ հունիսի 1-12-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նմանատիպ 180 ահազանգ է ստացել։ Գերատեսչության վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի օձերն ավելի պասիվ էին։ Իսկ մասնագետների կարծիքով՝ ոչ թե օձերն են շատացել, այլ մարդն է իր գործունեությամբ մոտեցել նրանց։
Գյուրզա և 3 տեսակի իժ․ Հայաստանում տարածված օձերի 23 տեսակներից այս 4-ն են թունավոր։ Որքան եղանակը տաքանում է, այնքան օձերն ակտիվանում են։ Օձ նկատելու ահազանգ ԱԻՆ-ում ամեն օր են ստանում, երբեմն՝ օրական մի քանի անգամ։ «Ռադիոլուրին» նախարարությունից փոխանցում են՝ այս տարի ամռան սկզբից մինչ հիմա 2021–ի նույն ժամանակահատվածի համեմատ զանգերը մի քանի տասնյակով ավելի են։ Սակայն ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի հիմնականում հայտնաբերվել ու ոչնչացվել են ոչ թունավոր օձեր։
Թունավոր գյուրզան հանդիպում է բնակավայրերի, նաև Երևանի շրջակայքում, մյուս 3 թունավոր սողունները՝ իժի 3 տեսակները, սովորաբար բարձրադիր վայրերում են ապրում՝ ասում է ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Լևոն Աղասյանը։ Վստահեցնում է՝ անմտություն է կարծել, որ օձերը շատացել են, պարզապես մարդն է իր գործունեությամբ, օրինակ, շինարարությամբ «անհանգստացնում» օձերին։ Լևոն Աղասյանն ասում է՝ մեզ հիմնականում քաղաքաբնակ վայրերում հանդիպում է գյուրզան կամ դրան շատ նման, բայց անվնաս սողունը։
«Կապարագույն սահնօձը, որը շատ նման է գյուրզային, նույն տիպի գունավորում ու կառուցվածք ունի։ Երևի 90 տոկոս դեպքերում, երբ Երևանի շրջակայքում հանդիպում են ու կարծում են, որ գյուրզա է, բայց գյուրզա չի, այլ Կապարագույն սահնօձն է, որը թունավոր չէ, բայց կարող է կծել, և դրա ամենամեծ վտանգը, իհարկե, ինֆեկցիան է ինչպես ցանկացած վերքի պարագայում»,– ասում է Լևոն Աղասարյանը։
Օձերն առավելապես ակտիվանում են տարվա տաք սեզոնին՝ ապրիլ, մայիսից մինչև հոկտեմբեր, նոյեմբեր, օրվա ընթացքում էլ՝ առավոտյան 8-11–ը և երեկոյան 6-8–ը։ Օրվա ավելի շոգ ժամերին օձերը հիմնականում թաքստոցում են։ Լևոն Աղասյանը հիշեցնում է՝ օձերը երբեք նախահարձակ չեն լինում, միայն պաշտպանվում են։
«Օձը հիմնականում կարող է կծել, երբ իրեն ուզում են բռնել կամ պատահաբար տրորել են, հետևաբար՝ ամենակարևորը, պետք է ուշադիր լինել ոտքի տակ նայելուց։ Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, նրանք ուղղակի պաշտպանվում են։ Օձերն, ընդհակառակը, խուսափում են մարդկանց հետ հանդիպումից»,– մանրամասնում է մասնագետը։
Խայթոցից հետո շատ կարևոր է միանգամից հասկանալ՝ արդյոք օձը թունավո՞ր է, թե՞ ոչ՝ զգուշացնում է մասնագետը։ Որպես կանոն ոչ թունավոր օձերը, ի տարբերություն թունավորների, ավելի աշխույժ և ագրեսիվ են, բացի դրանից՝ նրանց կարելի է տարբերել նաև կառուցվածքով։
«Հիմնականում գլխի ձևն է, որ թունավոր օձերը ունեն եռանկյունաձև գլխի կառուցվածք, բացի դրանից՝ պոչը ավարտվում է շատ կտրուկ, և աչքի բիբը կատվի աչքի նման է։ Իսկ ոչ թունավորների գլուխը կլորավուն է, և պոչը ավելի աստիճանաբար է ավարտվում»,– պատմում է Աղասարյանը։
Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տանը կամ բնության գրկում օձի եք հանդիպել։ «Ռադիոլուրի» զրուցակիցը ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար Գևորգ Դավթյանն է։ Պատմում է՝ մեր զրույցից առաջ էլ հերթական կանչից են վերադարձել, վնասազերծել ու անվտանգ տարածք են տեղափոխել լորտու տեսակի օձ։ Ասում է՝ հիմնականում ոչ թունավոր օձերի են հանդիպում։ Սակայն այս դեպքում էլ հորդորներն ու խնդրանքները քաղաքացիներին չեն փոխվում․ օձին հանդիպելիս միանգամից ահազանգել 911 և փորձել օձին տեսադաշտում պահել մինչ փրկարարները տեղ կհասնեն։ Իսկ եթե ամեն դեպքում օձի հետ հանդիպումը խայթոցով է ավարտվել, Գևորգ Դավթյանը զգուշացնում է․
«Ինչքան հնարավոր է պետք է փորձել վերքը սեղմել, որ արյունը դուրս գա, սառեցնել վերքը սառը թրջոցով, սահմանափակել տուժածի շարժումները, որպեսզի արյան շրջանառությունը ակտիվ չլինի և որքան հնարավոր է արագ հասցնել հիվանդանոց»,– ասում է Գևորգ Դավթյանը։
Փրկարարը զգուշացնում է՝ ինքնաբուժությամբ զբաղվել, հայտնի ու անհայտ մեթոդներով առաջին օգնություն ցուցաբերել պետք չէ․ հնարավոր է՝ օգնելու փոխարեն վնասեք, պետք է պարզապես շտապել բուժհաստատություն։ Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուրին» հայտնում են, որ հանրապետության բոլոր բուժհաստատությունները ապահովված են համապատասխան հակաթույներով։