Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել բավարարել դեպի ծով ելք չունեցող ութ երկրի, այդ թվում` Հայաստանի տարանցիկ կարիքները։ Դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներից ութը, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Աֆղանստանը, սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն ունեն Իրանի հետ։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակից` էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի` Իրանի պատրաստակամությունը պետք է դիտարկել թուրք-իրանական մրցակցության շրջանակում. աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների համատեքստում այդ երկիրը փորձում է գրագետ վերադիրքավորվել։

Հայաստանը վերջին 30 տարում չի օգտվել դեպի ծով ելք ունենալու իրավունքից, քանի որ Թուրքիան, որը կարող էր ապահովել Հայաստանին ելք դեպի Սև և Միջերկրական ծովեր, փակել էր սահմանները՝ փաստացի Հայաստանին զրկելով ՄԱԿ-ի կոնվենցիաներով սահմանված իրավունքներից։

Դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները հոգալու իրանական առաջարկից օգտվելն ի՞նչ կփոխի տարածաշրջանային գործակցության ձևաչափում։

Իրանական կողմի հայտարարությունը, ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի, ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական հստակ բաղադրիչ։ «Սրանով Իրանը, բարի կամք դրսևորելով, ապահովում է նշված ութ երկրի ելքը դեպի «մեծ ծով»։ Տարածաշրջանի երկրներից Ուզբեկստանն առավել խոցելի դիրքերում է, այդ երկիրը կրկնակի շրջափակված երկրի կարգավիճակ ունի, քանի որ Ուզբեկստանի հարևան բոլոր պետությունները դեպի ծով ելք չունեցող երկրներ են, ուստի այս համատեքստում կարևորվում է Իրանի նման առաջարկից օգտվելու հնարավորությունը»։

Խոսելով առևտրա-տնտեսական բաղադրիչի մասին՝ էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը նշում է դեպի ծով ելքի գնի մասին, ասում է`այն ևս մեծ նշանակություն ունի։ Մատչելի գին սահմանելու դեպքում իրանական կողմի առաջարկից շատերը կօգտվեն՝ կարծում է փորձագետը։

Ի՞նչ կարող է շահել Հայաստանը

«Հայաստանն իր հիմնական առևտրաշրջանառությունը կազմակերպում է Ռուսաստանի և մասամբ ԵՄ հետ։ Որպեսզի հայկական կողմը կարողանա օգտվել նաև այս ուղղությունից, մեզ անհրաժեշտ է ակտիվ դերակատարում ունենալ հնդկական և չինական շուկաներում։ Այս պահին Հայաստանը օգտվում է միայն վրացական ուղուց, Վրաստանն է միակ երկիրը, որ մեզ դեպի ծով ելք է տալիս ու հնարավորություն ընձեռում օգտվել նավահանգիստներից։ Դեպի հարավ` Պարսից Ծոց գնացող երկաթգծերից օգտվելու համար անհրաժեշտ է որոշակի լոգիստիկ խնդիրներ լուծել, մասնավորապես, ավարտել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, որի գործարկումից հետո հնարավոր կլինի ապրանքների մի մասն ուղղել դեպի ասիական շուկաներ»։ Արմեն Մանվելյանի կարծիքով` այս խնդիրները պետական մակարդակում լուծելու դեպքում հայկական կողմը կունենա շոշափելի օգուտներ։

Ի՞նչ են սահմանում միջազգային կոնվենցիաները

Առաջին անգամ դեպի ծով ելք չունեցող պետությունների հարցը լրջորեն արտացոլվել է 1965 թ.-ին Նյու-Յորքում կնքված ներմայրցամաքային պետությունների տարանցիկ առևտրի մասին կոնվենցիայում: Մինչ օրս հարցի վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր և փաստաթղթեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն: Գոյություն ունեցող կոնվենցիաների ու ՄԱԿ-ի տարբեր թվականներին ընդունված որոշումների համաձայն՝ ներմայրցամաքային պետությունները՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտներ, ունեն Համաշխարհային օվկիանոսին վերաբերող բոլոր տարածություններից և ռեսուրսներից օգտվելու իրավունք, ինչի համար կան սահմանված իրավական հիմքեր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն