Աշխարհում չկա մի ազգ ու ժողովուրդ, որ իր անկախության համար չի պատերազմել կրելով զրկանքներ և չկա մի ազգ ու ժողովուրդ, որ իր անկախությունը կամովին նվիրում է իր դարավոր ոսոխին, կախաղանից առաջ ծնկաչոք աղերսելով գոնե մի վերջին խաղաղ ընթրիք թեկուզ պատրաստված իրենց մարմնի մասնիկներից...

Բարով համտեսենք իրար Հայաստանյան վերջին խաղաղ երեկոներում ակնթարթային լույս արձակող հրավառության ներքո, որպես վերջին հրաժեշտի խրախճանքի ավարտ։

Սա է ներկա իրականությունը, բայց ես մեզ գիտեմ անցյալից, թե ինչպես մոխիրներից հառնեցինք ու հաղթեցինք մահվանն ու ցեղասպան մեր թշնամուն։

Հիմա քանի ուշ չէ, եկեք սկսենք մեզանից, մեր չարդարացված վախերից, փոշիացած միասնության վերականգնումից, տուն, հայրենիք, պետություն, պետականություն վերջնական կորցնելու գիտակցումից, քանզի բոլորիս համար առաջնորդը պիտի լինի հայ ազգի կործանարար խնդիրները, որ մենք մեր անհոգի, ուղղակի շնչող մարմիններով կերտեցինք։

Առաջնորդ չենք ծնի մեր միջից, քանզի ազգովի չենք գիտակցում բոլոր վտանգները և միասնական չենք իրական վտանգի դեմ պայքարի հարթակում։

Շատերդ անձապաշտ եք, շատերդ սպասում եք ինչ որ մեկին, շատերդ հեռանում եք ոչ միայն պայքարից այլ հայրենիքից, շատերդ մորեխի պես սրա նրա գիրկն եք թռնում, շատերդ էլ հանուն ստամոքսի կապիկություն եք անում...

Համազգային այս մեծ ողբերգության մեջ, եթե մենք իրար հեգնում ու ծաղրում ենք, թուրքից և այլ ազգերից բացի ծաղրից ու մեր հանդեպ անտարբերությունից ավել ոչինչ մի ակնկալեք։

Մենք արժանանում ենք աշխարհի կողմից այն վերաբերմունքին, ինչին մենք իրար ենք արժանացնում` իրար դավաճանելով բոլոր առումներով...

Այլ ազգեր ու պետություններ իրար մեջ ու իրար հետ կռիվ են տալիս գազի, նավթի և այլ հարստահարվելու միջոցների համար, իսկ մենք վաճառքի ենք հանել մեր հայրենիքը առանց կռիվ տալու, մեզ համար նրա անգնահատելի կենսական արժեքը գնահատելու...

Հայրենիք չեն տալիս կամ նվիրում, այն նվաճում են պատերազմելով, պայքարելով, իսկ անկախություն ձեռք են բերում ազատ ապրելու կամքով` կրկին կռիվ տալով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն